ՀՀ դատախազությունը պարզաբանում է տարածել 2020թ. նոյեմբերի 13-ի երեկոյան ինքնասպանություն գործած 27-ամյա Գառնիկ Պետրոսյանի վերաբերյալ:
Նշվում է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նոյեմբերի 14-ին դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
«Քննության ընթացքում պարզվել է, որ պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության հրապարակումից հետո ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով՝ զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով 2020թ. նոյեմբերի 10-ին Գ. Պետրոսյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով 3011–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով, իսկ նոյեմբերի 13-ին նույն հոդվածներով նրան առաջադրվել է մեղադրանք: Եվ քանի որ նույն օրը՝ժամը 20:00-ին, լրացել է Գ. Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը, վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջինս բաց է թողնվել: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Գ. Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Սոցիալական հարթակներում լուրեր էին շրջանառվել այն մասին, որ Գ. Պետրոսյանը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ տեղի է ունեցել սպանություն՝ նրան Կիևյան կամրջից ցած նետելու կամ այլ միջոցով:
Տարատեսակ հնարավոր շահարկումներից խուսափելու համար անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ ըստ մեղադրյալի հարցաքննության արձանագրության՝ հարցաքննությունն ավարտվել է նոյեմբերի 13-ին՝ ժամը 21.00-ին, իսկ ըստ գործով ձեռք բերված տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 22.04-ին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ գործով առկա է ականատես վկա, որի ցուցմունքների համաձայն՝ նոյեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Կիևյան կամրջի ուղղությամբ զբոսնելիս կամրջի մեջտեղի հատվածում նկատել է, թե ինչպես է նշված անձը միայնակ, բռնվելով դրոշակներից, բարձրացել կամրջի մետաղական արգելապատնեշին և մինչև ինքը կհասցներ հնարավոր վատ հետևանքներից խուսափելու համար ահազանգել 911 հեռախոսահամարին՝ տեսել է, որ նա այլևս այդտեղ չէ: Դրանից անմիջապես հետո, երկու այլ անձանց հետ կամրջի այդ հատվածի արգելապատնեշից տեսել են ներքևում՝ ճանապարհի երթևեկելի գոտում, ընկած անձի, իսկ իրենց կանչով ժամանած իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ դեպքի վայրում համոզվել են, որ դա կամրջի արգելապատնեշին բարձրացած անձն է:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող վերոնշյալ գործի շրջանակում որպես մեղադրյալ՝ հարցաքննության ժամանակ իր պաշտպանի ներկայությամբ տված ցուցմունքում Գ. Պետրոսյանը նշել է, որ դեռևս 2010թ. կատարել է ինքնասպանության փորձ՝ դեղահաբեր խմելու միջոցով, որից հետո մինչև 2019թ. հաշվառված է եղել առողջության համապատասխան կենտրոնում, այդ ընթացքում ստացել համապատասխան դեղահաբեր, որոնց ընդունումն ինքնակամ, առանց բժշկի ցուցումի դադարեցրել է 2019թ. հունվարից:
ՀՀ դատախազության կողմից իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի շրջանակում ի հայտ բերված դեպքին վերաբերող բոլոր հրապարակումներն ուղարկվում են վարույթն իրականացնող մարմնին՝ դրանցում նշվող հանգամանքներն ստուգելու, քննության առարկա դարձնելու նպատակով: