Գլխավոր դատախազությունը բողոքարկել է ընդդիմադիր գործիչներ Վահրամ Բաղդասարյանի, Արթուր Վանեցյանի և Աշոտ Ավագյանի՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումները, որոնցով Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունները նրանց կալանավորելու վերաբերյալ մերժվեցին։ Լուրը Armenia Today կայքի հետ հեռախոսազրույցում հաստատեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Իսկ Աշոտ Մինասյանի գործի մասին Աբրահամյանը հայտնեց, որ հավանաբար կբողոքարկվի, երբ դատարանի որոշումը ստացվի և հիմքերն ուսումնասիրվեն։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն քրեական գործ էր հարուցել ՀՀԿ խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի և ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանի նկատմամբ՝ իշխանության յուրացումը և վարչապետի սպանությունը նախապատրաստելու համար։ Նրանք չեն ընդունում մեղադրանքը՝ հարուցված գործը որակելով քաղաքական հետապնդում։