Այն, ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովի այս խորհրդի նիստում, նույնիսկ սյուրռեալիզմ չէր, աբսուրդի գագաթն էր։ Որևէ հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, չբերվեց: Այս մասին Ազգային ժողովի խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ ԱԺ խորհուրդը որոշում է ընդունել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմել։
Խորհրդի նիստին ներկա 14 պատգամավորներից 10-ը կողմ է քվեարկել որոշմանը, բոլորն էլ` «Իմ քայլից»: Սահմանադրական դատարանը 30-օրյա ժամկետում քննելու է Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը: Նիստին ներկա ԲՀԿ-ական պատգամավորների համոզմամբ` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նիստին որևէ հիմնավորում չի ներկայացրել առ այն, որ Գագիկ Ծառուկյանը բիզնեսով է զբաղվել:
Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ՝ դա ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է Նիկոլ Փաշինյանի կողմից Գագիկ Ծառուկյանի հանդեպ: «Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնելուց հետո, ռազմագերիների հարցով զբաղվելու փոխարեն, մեր հայրենակիցների, որոնք հիմա, հենց այս պահին թուրք զինվորականների հետ են բանակցում, որ մի քանի ժամ ավելի մնան իրենց տներում, որ հասցնեն գույքը տեղափոխել, այդ խնդիրներով զբաղվելու փոխարեն զբաղվում է քինախնդրությամբ»,- նշել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ իրավապահ համակարգի այն աշխատակիցներին, որոնք ամբողջ օրը խաղաղ ցույցեր են ցրում, թող ուղարկեն այնտեղ, որ այդ մարդկանց օգնեն: