ՀՀ գլխավոր զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 2171 – րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված «ահաբեկչական գործունեության ֆինանսավորում» հանցագործության հատկանիշներով:
Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։
Հաղորդվում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ առ այն, որ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առաջին իսկ օրվանից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մարտական գործողություններում օգտագործել է տարբեր ահաբեկչական խմբավորումներում գտնվող և վճարովի հիմունքներով հավաքագրված վարձկաններին: Վարձկանները օգտագործվել են այլ պետությունում ներքին իրավիճակն ապակայունացնելու, պայթյուններ ու հրկիզումներ կատարելու, մարդկանց, շենքերի, շինությունների, ճանապարհների ու հաղորդակցությունների ոչնչացման համար։
Ստացված տվյալներն անհերքելիորեն վկայում են այն մասին, որ վարձկաններ-ահաբեկիչներ ներգրավելու մասին նախնական պայմանավորվածությունը Ադրբեջանի ղեկավարության կողմից ձեռք է բերվել Թուրքիայի պատասխանատու պաշտոնյաների հետ դեռեւս մինչեւ սեպտեմբերյան ագրեսիան ՝ 2020 թվականի հուլիս – օգոստոս ամիսներին:
Այս շրջանից թուրքական կողմը սկսել է ֆինանսավորում՝ «Սուլթան Սուլեյման շահ/Ալ-Համշատ», «Սուկուր», «Ալ-Համզաթ», «Սուլթան Մուրադ» միջազգային ահաբեկչական խմբավորումներին զենք – զինամթերքի տրամադրմամբ՝ Սիրիայից նախ Թուրքիա, հետո՝ Ադրբեջան անարգել տեղափոխման նպատակով։
Նշված խմբավորումների ավելի քան 2 հազար զինյալներ սեպտեմբերի 27-ից ակտիվորեն ներգրավվել են Արցախի դեմ ադրբեջանական զորքերի մարտական գործողություններին:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե ՝ նախաքննություն կատարելու համար:
Դրա հետ մեկտեղ, Հայաստանի դատախազությունը մտադիր է գործի դնել միջազգային-իրավական համագործակցության մեխանիզմները հիշյալ հանցագործություններ կատարած անձանց հայտնաբերման և միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում նրանց պատշաճ պատասխանատվության ենթարկելու համար: