Մենք 2018 թվականից հայտարարում ենք, որ սա իր բնույթով ոչ թե քրեական գործ է, այլ քրեական գործի քողի տակ քաղաքական հետապնդում։ Այս մասին Ռոբերտ Քոչարյանի դատական գործի մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը։
«Բազմաթիվ ապացույցներ կարողացանք վկայակոչել՝ սկսած հայտնի ձայնագրությունից, դատարաններն արգելափակելուց և շատ ու շատ ուղղակի և անուղղակի ապացույցներից։ Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանի անձնագրի մասով ցույց տվեց, որ սա իսկապես քաղաքական հետապնդում է։ Եվս մեկ ապացույց է այն, որ Նիկոլ Փաշինյանի խամաճիկն է այսօր դատախազությունը և այս գործով, ուղղակի, հնազանդ կատարում է իր քմահաճույքը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը անիմաստ է համարում դատախազին բացարկ հայտնելը, քանի որ, ըստ իրեն, ողջ դատական գործընթացի հիմքում հենց Գլխավոր դատախազն է։
Լրագրողների հարցին, թե ինչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի ու ԲԴԽ որոշ ընտրովի անդամների երեկվա հանդիպումը, Ալումյանն ասաց, որ եթե մենք հավակնում ենք քաղաքակիրթ աշխարհի մաս կազմել, ապա իշխանության գործադիր ճյուղը չպետք է կարողանա դատավորներին սուլոցով կանչել իր նստավայր։
Իսկ դատավորներն էլ իրենց հերթին պետք է ունենան բավարար չափով մասնագիտական արժանապատվություն, որպեսզի եթե հանկարծ որևիցե վարչապետ հանդգնի իրենց կանչել, ապա չգնան։
Նիկոլ Փաշինյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի Մոսկվա չմեկնելու մասին հայտարարությունից հետո մի խումբ փաստաբաններ գրառում էին ներկայացրել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը պետք է քննության առարկա դառնա։ Այս մասին Ալումյանը լրագրողներին ասաց, որ դեռ հրապարակային որոշում չկա, բայց ներքին քննարկումներ կան։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է, քանի որ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը չի կարողացել ներկայանալ։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 8-ին, ժամը 13։00-ին։