ԶԼՄ-ներում հայտնվել են տեղեկություններ իրականացվող կամ նախապատրաստվող բռնությունների վերաբերյալ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից գիշերվա ընթացքում զինվորական համազգեստ և զենք բաժանելու մասին, հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները նշել են, որ տեղեկությունները լսել են նոյեմբերի 11-ին Բաղրամյան փողոցում ընթացող հավաքի մասնակիցներից՝ հավելելով, որ չեն ճանաչում դրանք հայտնող անձանց, չգիտեն վերջիններս ովքեր են: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակից կտրականապես հերքել են այդ տեղեկությունները:
Դատախազության կողմից նաև հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ իրականացնելու օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ ստուգելու նշված հանգամանքները, պարզելու «ՔՊ» գրասենյակից որևէ մեկին երբևէ զենք կամ զինվորական համազգեստ հատկացնելու, ինչպես նաև ԲՀԿ պատգամավորին նշված տեղեկությունները հայտնած անհայտ անձանց պարզելու, նրանց քննությանը ներկայացնելու ուղղությամբ, որոնց արդյունքում ևս նշված տեղեկությունները չեն հաստատվել:
Հիշեցնենք, որ ԲՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը տեղեկություն էր տարածել այն մասին, որ 12.11.2020թ. ժամը 17.00-ին 17 կուսակցությունների կողմից նախատեսված գործողությունների ընթացքում սադրանքներ, խժդժություններ առաջացնելու հստակ հանձնարարական է իջեցվել իշխանությունների կողմից, ինչի նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից գիշերվա ընթացքում զինվորական համազգեստ և զենք է բաժանվել իրենց համակիրներին: