Եթե «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթն Ազգային ժողովն այս տարբերակով ու առանց մասնագիտական հանրության դիտողությունները հաշվի առնելու ընդունվի, ապա Մարդու իրավունքների պաշտպանը կդիտարկի Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Այս մասին հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով.
«Կդիտարկվի նաև դիմումի հետ միասին վիճարկվող դրույթների գործողությունը կասեցնելու միջնորդություն Սահմանադրական դատարան ներկայացնելու հարցը»:
Նշենք, որ նախօրեին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ ռեկտորների խորհրդի անդամներին: Հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես է եկել ռեկտորների խորհուրդը՝ քննարկելու նախօրեին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի մի շարք դրույթներ:
Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Վ. Դումանյանը նշել է, որ եթե ակադեմիական շրջանակում առկա են որոշակի մտահոգություններ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, ապա նախարարությունը պատրաստակամ է լսել բոլոր դիտարկումները. «Այս գործընթացում ես հանդիսանում եմ ձեզանից մեկը և շահագրգիռ եմ ունենալ հնարավորինս կատարյալ և ամբողջական օրենք: Այս օրենքը մեկ շաբաթում չի գրվել. այն անընդհատ փոփոխվել է, լրամշակվել և ունի բավականին երկար պատմություն»,- ասել էր նա:
Հիշեցնենք, որ ԵՊՀ մի շարք դեկաններ և ստորաբաժանումների ղեկավարներ պահանջել են հանրապետության գիտական և կրթական հանրության հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայեցակարգի հիման վրա բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար և պահանջում են.
▪️անհապաղ հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովից,
▪️հանրապետության գիտական և կրթական հանրության հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայեցակարգի հիման վրա բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար:
Նշենք, որ նախագիծը ենթադրում է, որ բուհի ռեկտորը նշանակվում է, ոչ թե ընտրվում: Լուրեր են պտտվում, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնին այսպիսով կնշանակվի ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը: