Երկրում ստեղծված այս պատասխանատու օրերի իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու համախմբվածություն, հարգանք միմյանց արժանապատվության ու խոսքի նկատմամբ: Անհրաժեշտ է բացառել լարվածության բերող որևէ տեսակի զարգացում: Այս մասին
գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
1. Հանրային իշխանության մարմինները, գործող պաշտոնյաները պարտավոր են օրինակելի լինել իրենց խոսքով ու պահվածքով հանուն համերաշխության ու համախմբվածության՝ անկախ քաղաքական կամ որևէ այլ տեսակի հայացքներից: Նույն սկզբունքով մեծ դեր ունեն նաև հանրային ճանաչում ունեցող անձինք:
2. Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունենալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Դա հատկապես կարևոր է այս պատասխանատու ու զգայուն իրավիճակներում:
3. Պաշտոնյաներն ու հանրային ճանաչում ունեցող անձինք չպետք է կատարեն այնպիսի գրառումներ կամ մեկնաբանություններ կամ ունենան այնպիսի ելույթներ, որոնք թեկուզ ուղղակի կամ անուղղակի վիրավորանք կամ ատելություն են պարունակում:
4. Ցավոք, սոցիալական ցանցերի դիտարկումը ցույց է տալիս, որ վտանգավոր աստիճանի են ատելություն ու վիրավորանք, բռնության կոչեր ու սպառնալիքներ տարածող, նույնիսկ ներքին թշնամանք հրահրող մեկնաբանություններն ու գրառումները:
5. Մարդու արժանապատվությունը վիրավորել ու իրար նկատմամբ ատելություն տարածել չի կարելի: Դա ավելացնում է լարվածությունն ու բարձրացնում բռնության հավանականությունն իրական կյանքում:
Պետք է միշտ հիշել, որ մեզնից յուրաքանչյուրն ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք ու մենք պետք է հարգանքով վերաբերվենք միմյանց խոսքի ու կարծիքի նկատմամբ՝ ինքներս պահպանելով նշված կանոնները:
6. Այս ամբողջ գործընթացում իրենց պարտականությունները պետք է բարեխիղճ կատարեն պետական մարմինները՝ գործելով իր կարգավիճակի առավելագույն սահմաններով:
7. Մարդու իրավունքների պաշտպանը լրատվական գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպություններին ու լրագրողներին կրկին հորդորում է հատուկ ուշադրությամբ հետևել հրապարակումների ներքո ծավալվող քննարկումներին և հեռացնել վիրավորանք ու ատելություն, արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ից Երևանում անցկացվում են ցույցեր՝ ի նշան բողոքի Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության, որը ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Ընդդիմության 16 ուժերի ներկայացուցիչները պահանջում են կառավարության ու վարչապետի հրաժարականը: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նախագահությունը, ԵՊՀ գիտխորհուրդը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը և մի շարք հասարակական կազմակերպություններ նույնպես պահանջում էին Փաշինյանի հրաժարականը: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ևս կողմ արտահայտվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Ավելի վաղ «Հայրենիքի փրկության» կոմիտեն, որը բաղկացած էր 16 կուսակցությունից, հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի թեկնածությունն անցումային կառավարությունում վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին, որը, ըստ ընդդիմության, պետք է փոխարինի գործող կառավարությանը: Նա պարտավորվում է 1 տարի անց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց չի մասնակցելու: