Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին և նրանց անդամներին թիրախավորելը, նրանց հանդեպ հնչող վիրավորանքների ծավալներն ու աճի վտանգավոր միտումները։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։
Մտահոգիչ է, որ սոցիալական մեդիայի տիրույթներում թիրախավորումը նաև անձնավորված է ու առանձնանում է ատելության խոսքով:
Չպետք է թույլ տալ, որպեսզի մեր հասարակությունում նման ընկալումներ զարգանան, քանի որ դրանք վտանգավոր են ոչ միայն երկրում անհանդուրժողականության աճի, այլ նաև ՀԿ-ների ու իրավապաշտպանների դերի տեսանկյունից:
Պետությունը պետք է իր համապատասխան մարմինների միջոցով երաշխավորի ՀԿ-ների ազատ գործունեությունը երկրում ու ապահովի նրանց անհրաժեշտ պաշտպանությունը:
Պետք է նկատի ունենանք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները մարդու իրավունքների պաշտպանության համակարգում իրենց հատուկ տեղ ունեն, դրանք կատարում են պետության նկատմամբ վերահսկողության կարևոր գործառույթ:
Նրանք պետք է ունենան բնականոն գործունեության երաշխիքներ, որոնք էլ կապահովեն երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մեծ կարևորությամբ է նշում ՀԿ-ների ու անհատ իրավապաշտպանների աշխատանքը ու նրանց դերը մեր երկրում ժողովրդավարության կայացման ու զարգացման հարցում: