Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Մի-24 ռազմական ուղղաթիռի կործանման գործով քննության շրջանակում ռուս ռազմական քննիչներն ադրբեջանցի գործընկերներից իրավական օգնություն են խնդրել:
Այս մասին «Интерфакс»-ին հայտնել է լավատեղյակ աղբյուրը:
«Գործի քննության ժամանակ մի շարք քննչական գործողություններ անցկացնելու անհրաժեշտություն է առաջացել: Խոսքը մի շարք կասկածյալների ինքնության հստակեցման, ինչպես նաև տեղի ունեցածի որոշ հանգամանքներ ճշգրտելու մասին է: Այդ կապակցությամբ միջազգային-իրավական օգնության ցուցաբերման մասին հարցում է ուղարկվել Ադրբեջան»,-նշել է գործակալության զրուցակիցը:
Վերջինս հայտնել է նաև, որ ռուս ռազմական օդաչուների սպանության գործով մեղադրանք առաջադրելու մասին հարցը կորոշվի միայն համապատասխան նյութերը ստանալուց հետո: Աղբյուրը տեղեկացրել է, որ գործի քննության ժամկետն առաջիկայում ևս 2 ամսով կերկարացվի:
Երեկ տեղեկություն էր տարածվել, որ խոցված Մի-24-ի գործը վերաորակավորվել է ավելի ծանր հոդվածով:
Հիշեցնենք նաև, որ 2020թ.նոյեմբերի 9-ի երեկոյան՝ եռակողմ հայտարարության ստորագրումից մի քանի ժամ առաջ, Հայաստանի օդային տարածքում ռուսական մարտական ուղղաթիռ էր խոցվել, ինչի հետևանքով երկու ռուս օդաչու էր զոհվել: Ուղղաթիռն ընկել էր Երասխավան գյուղից ոչ հեռու գտնվող ձորը: