ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստն այսօր տեղի չի ունենալու։ Armenia Today-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։ Վերջինս նշեց, որ դատական նիստը չի կայացել երկու պատճառով։
«Մեր տեղեկություններով՝ Սամվել Գալստյանը մահացել է։ Երկրորդ պատճառն էլ կա՝ Սերգո Կարապետյանը առողջական խնդիրներ ունի»,-ասաց պաշտպանը։
Հիշեցնենք, որ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):