ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի:
Նշենք, որ Մինասյանն այսօր Միրզոյանի անվանել էր «երկակի գործակալ», ով ՀՀ ԱԱԾ-ի և թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվել է, և երկար տարիներ գործակցել նրանց հետ։ «Միրզոյանն ամենամեծ կապավորն է Հայաստանի և Թուրքիայի մեջ, և ներկայացնում է Թուրքիայի շահերը»,-նշել էր Մինասյանը։
ԱԱԾ-ն անթույլատրելի գործելաոճ է համարում «հանրությանը ապատեղեկատվություն հրամցնելու կամ մոլորության մեջ գցելու նման վարքագիծը»՝ հորդորելով տուրք չտալ «մտացածին և ստահոդ նմանօրինակ հրապարակումներին»։
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հիշյալ հրապարակման հիման վրա օրենքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ գործադրվելու են քրեադատավարական կառուցակարգեր, և կրկին անգամ հորդորում է ցուցաբերել բացառապես իրավահպատակ վարքագիծ»,- նշվում է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ։