«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանն Facebook-ի իր էջում գրառում է արել, որում նշված է:
«Ապօրինի կերպով բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանը: Դավաճաններին ծառայելով՝ ոչ թե մեզ եք բերման ենթարկում, այլ՝ Հայաստանի Հանրապետությանը և մեր բոլորիս ապագան: Հայաստանը մաքրվելու է թուրքահպատակ իշխանություններից, որովհետև մենք այլ հայրենիք չունենք: Հայաստանը լինելու է հավերժ», գրել է նա՝ հայտնելով, որ Դ. Բաղադասարյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Էրեբունու բաժին:
Ավելի ուշ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես,նշված է. «Հրապարակում մեծ թվով ոստիկաններ էին հավաքված։ Ակցիայի որոշ մասնակիցների և ոստիկանների միջև գրանցվեց միջադեպ։ Ապօրինի կերպով բերման ենթարկվեց «Հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանը»:
Հիշեցնենք, որ այսօր Արշակունյաց պողոտայից մեկնարկել էր ավտոերթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Ակցիան ավարտվելու էր Հանրապետության հրապարակում:
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո Երևանում և հանրապետության այլ քաղաքներում հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում: Ձևավորված «Հայրենիքի փրկության շարժման» պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Շարժման Ժամանակավոր կառավարության ղեկավարի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: