ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դատախազներին վարույթից հեռացնելու միջնորդություններ ներկայացրեցրեց։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն առաջինը հրապարակեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին բացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը։
Հայկ Ալումյանը շեշտեց Արթուր Դավթյանին բացարկ հայտնելու պատճառների մասին։
«Փաշինյանի և Դավթյանի հարաբերություններն այնպիսին են, որ Փաշինյանը կարող է Դավթյանին իր մոտ հրավիրել և նրա հետ քննարկել կոնկրետ գործերի քննության ընթացքը: Նման հարաբերությունները ուղղակիորեն հակասում են հայրենական օրենսդրության նորմերի մի շարք դրույթներին, ինչպես նաև դատախազների ինքնուրույնությանը»,-ասաց նա՝ հիշատակելով 2020 թ․ նոյեմբերի 30-ը, երբ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցության էր հրավիրել ուժային կառույցների ղեկավարներին։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Դատարանի բակում են հավաքվել Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։ Նշենք, որ այս գործով վերջին նիստը տեղի էր ունեցել անցյալ տարվա սեպտեմբերի 22-ին, այնուհետև դատական գործընթացը հետաձգվել էր՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի պատճառով:
Հիշեցնենք նաև, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար: