ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչությունը 2020 թվականին իրականացրել է 93 մաքսային ստուգում, ինչի արդյունքում արձանագրվել է շուրջ 558 մլն դրամի խախտում: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ հետբացթողումային հսկողույթան վարչության պետ Արմեն Սաֆարյանը։ Նա համեմատության համար նշեց, որ 2019 թվականին կատարվել էր 76 մաքսային ստուգում, արձանագրվել՝ 304 մլն դրամի խախտում:
«Ե՛վ ստուգումների քանակը, և՛ դրամային արտահայտությամբ արձանագրված խախտումների չափը էականորեն աճել են: Սա մեզ մոտ կատարված բարեփոխումների, վերլուծական կարողությունների ավելացման արդյունք է»,- ասաց Արմեն Սաֆարյանը:
Նա ասաց, որ տնտեսվարողները դիմում են զանազան հնարամտությունների։ Առավել տարածված է խախտման երեք տարբերակ՝
1․ Ապրանքի սխալ դասակարգում
2․ Ներմուծվող ապրանքների մասին սխալ տեղեկություն
3․ Մաքսային հայտարարագրերում ապրանքի ոչ ամբողջական նկարագիր։
Սաֆարյանը հանուն արդարության նշեց, որ այս խախտումները երբեմն ոչ թե միտումնավոր են արվում, այլ հետևանք են չիմացության ու վրիպումների։ Այսպիսի տնտեսվարողներին ՊԵԿ-ը դասում է ոչ ռիսկային տնտեսվարողների շարքը։
Պատկերն այլ է ռիսկային տնտեսվարողների դեպքում, երբ խախտումները կրում են պարբերական բնույթ։
«Տնտեսվարողները երբեմն փորձում են խեղաթյուրել տվյալները մաքսային վճարներից խուսափելու համար։ Խախտումներ կան բոլոր ոլորտներում, սակայն մեծ գումարներ գեներացնող ոլորտները մեր մշտական ուշադրության տիրույթում են»,- ասաց ՊԵԿ հետբացթողումային հսկողույթան վարչության պետը։