Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ։ Ռուստամ Բադասյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում կիրացվի արդարադատության ոլորտում առկա ներուժը։
Հայաստանի արդարադատության նախարարը նաև բարձր է գնահատել Նիդերլանդների խորհրդարանում վերջերս հավանության արժանացած միջնորդությունները, որոնցով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների դեմ՝ Արցախում կատարված ռազմական հանցագործությունների համար:
Դեսպան Սխերմերսը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, նշել, որ մեծ ուրախությամբ է ստանձնել Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնելու առաջարկը։
Նախարար Բադասյանը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզը, արդեն իսկ գրանցած ձեռքբերումներն ու կարևորել այդ նպատակով միջոցառումներ իրականացնելու համար Եվրամիության կողմից Հայաստանի կառավարությանը հատկացված 9 մլն եվրո աջակցությունը։
Կողմերն արդյունավետ փոխգործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել։