ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով քրգործը չի կարճվել։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՔԿ նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։
Նրա պարզաբանմամբ՝ Կուտոյանի մահից հետո նրա իրավահաջորդը դիմում է ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին՝ խնդրանքով, որ քրգործից տվյալներ չհրապարակվեն։
Սակայն, ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետը ասում է՝ փորձաքննությամբ հաստատավել է, որ Գեորգի Կուտոյանն ինքնասպան է եղել։
«Այն, որ Կուտոյանն ինքնասպանություն է գործել, հաստատվել է ոչ միայն քննչական գործողությունների, այլև փորձաքննության արդյունքում։ Այս պահին ինքնասպանության հասցնողներ չունենք, մեղադրյալներ չունենք: Նախաքննությունը շարունակվում է, օպերատիվ հետախուզական միջոցառումները, փորձաքննություններն ամբողջությամբ կատարվել են: Քրրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, հիմքեր այլ հոդվածով հարուցելու որակման համար չեն եղել»,- մանրամասնեց Մելիքյանը։
Հիշեցնենք` Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնաբերվել էր անցած տարվա հունվարի 17-ին՝ Երևանի Պարույր Սևակի փողոցի իր բնակարանում։ Հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։
Հիշեցնենք նաև, որ 2016 թվականին Կուտոյանը նշանակվել էր Ազգային անվտանգության ծառայության ղեկավար՝ փոխարինելով Գորիկ Հակոբյանին։ Պաշտոնից ազատվել էր 2018-ին՝ հեղափոխությունից հետո: