Պարետի որոշումն անտեսած արտադրամասի տնօրենը վարչական պատասխանատվության է ենթարկվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
«Մարտի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները այցելել էին Բագրևանդ փողոցի ապակիների արտադրամաս և հանձնել աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան իրազեկումը: Սակայն մարտի 27-ին բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ ընկերությունը շարունակում է գործունեությունը: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով իրավապահները մեկնեցին նշված հասցե, որտեղ էլ պարզվեց, որ արտադրամասն աշխատում է: Ընկերության տնօրենի նկատմամբ իրականացվել է վարչական վարույթ՝ արտակարգ դրության ժամանակ ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելը:
Նման ստուգայցերը շարունակական են լինելու: Ոստիկանությունը հորդորում է բոլոր այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնց գործունեությունը նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արգելված է, պահպանել Պարետի որոշմամբ սահմանված պահանջները»,-ասվում է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։