Ձեռնարկված լայնածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից կատարվել են գործողություններ, որոնք անզգուշությամբ էական վնաս են հասցրել պետության շահերին:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Պարզվել է, որ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ակնհայտորեն չարաշահելով պաշտոնեական դիրքը, համապատասխան իրավական ակտերի խախտմամբ, ջրօգտագործման թույլտվություն է տվել Հայաստանում գործող ՀԷԿ-երից մեկին:
Բնապահպանության նախարարությունում ակնհայտ չարաշահումների վերաբերյալ քրեական գործից առանձնացված Հարությունյանի նկատմամբ քրեական գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն:
Հիշեցնենք, որ 2019-ի հունվարին դատարանը որոշում է կայացրել ձերբակալել նախկին նախարար, նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին, ով մեղադրվում է 14 մլն դոլար կաշառք ստանալու մեջ ՝ հանքերի շահագործման լիցենզիաներ տրամադրելու համար:
Արամ Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։