ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ապրիլի 6-ին՝ ժամը 20:00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:
Պարզվել է, որ Երևան քաղաքի Եղբայրության փողոցում՝ շենքերի բանուկ հատվածում հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել 35-ամյա տղամարդու ուղղությամբ և չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել՝ դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: