Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը բավարարել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին Հայաստանին արտահանձնելու՝ հայ գործընկերների միջնորդությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովիկ) հայտնաբերվել էր 2019 թվականի նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում և մեդադրվում է ավազակային հարձակմանը մասնակցելու մեջ։
Մարտին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ ռուսական կողմը որոշել է Երևանին փոխանցել Սարգսյանին։
Սարգսյանը հայ իրավապահների կողմից հետախուզվում է դեռ 2018 թվականի հոկտեմբերից։ Նա կասկածվում է հանցավոր խմբավորման անդամակցության, ինչպես նաև խոշոր չափով շորթման և այլ հանցակազմերով։ Այս մեղադրանքների հիման վրա Սարգսյանին մինչև 15 տարվա ազատազրկում է սպասվում, եթե նրա մեղքը հաստատվի։