ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի և 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովի միջև շարունակվում են գրությունները՝ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հանձնաժողովի նիստի անցկացման հետ կապված, որը նախատեսված է ապրիլի 16-ին։
Այս առնչությամբ Սերժ Սարգսյանի գրասենյակից գրություն է ուղարկվել քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, որում նշված է, որ հասկանալի չէ, թե բավարարվե՞լ է արդյոք ՀՀ երրորդ նախագահի առաջադրած պայմանը` հանձնաժողովի լսումներին ներկայանալու միայն իր մասնակցությամբ նիստի ձայնագրությունը (կամ տեսաձայնագրությունը) ստանալու դեպքում:
Նախկին նախագահի գրասենյակից խնդրում են պարզաբանել նաև, որ, եթե նիստի ընթացքում հանձնաժողովը պատրաստվում է ՀՀ երրորդ նախագահին հայտնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող` նախագահին անհայտ տեղեկություններ, ապա, Սերժ Սարգսյանը դեմ է դրան և առաջարկում է նման տեղեկություններ չհայտնել:
«Ելնելով վերոհիշյալից` ակնկալում ենք հանձնաժողովի հստակ դիրքորոշումը` տրամադրվելո՞ւ է արդյոք ՀՀ երրորդ նախագահին` նրա կողմից հանձնաժողովի նիստում հնչեցված հայտարարությունների և պատասխանների տեսաձայնագրությունը»,-նշված է գրության մեջ։
Սերժ Սարգսյանի գրասենյակից հայտնում են նաև, որ հանձնաժողովի պատասխանից է կախված նիստին մասնակցելու` նախագահ Սարգսյանի որոշումը, ինչի մասին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը իր նախորդ գրությամբ տեղեկացրել էր: