ԱԱԾ-ն բացահայտել է Երևան քաղաքի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի գերեզմանատներից մեկի աշխատակիցների կողմից կաշառք ստանալու հերթական առերևույթ դեպքը։ Այս մասին տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքը։
Ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի գերեզմանատներից մեկի վարիչն ու նույն գերեզմանատան հսկիչը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպությունում կազմակերպչական և տնօրինչական լիազորություններով օժտված պաշտոնատար անձինք, գործելով նախնական համաձայնությամբ, քաղաքացու կողմից նախընտրելի գերեզմանատանը գերեզմանատեղի հատկացնելու համար վերջինիցս պահանջել են խոշոր չափերի՝ 719 280 ՀՀ դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար կաշառք:
2020 թ. ապրիլի 29-ին գերեզմանատան հիշյալ հսկիչը նախապես պայմանավորված 1500 ԱՄՆ դոլար կաշառքը ստանալուց անմիջապես հետո բերման է ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից, որի անձնական խուզարկությամբ կաշառքի առարկան հայտնաբերվել և առգրավվել է, իսկ վերջինս խոստովանել է հանցագործության կատարումը։
Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով կաշառք ստացած պաշտոնատար անձինք ձերբակալվել են։
Նախաքննությունը շարունակվում է։