Նոր տեսակի կորոնավիրուսի պանդեմիան, որի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է 2020 թվականի մարտի 11-ին, շարունակում է տարածում գտնել ողջ աշխարհում ՝ ազդելով կյանքի բոլոր կողմերի վրա։ Համավարակի սպառնալիքի պատճառով պետությունները փակում են սահմանները և անվտանգության աննախադեպ միջոցներ կիրառում։ Կան մոտեցումներ, ըստ որի, ամիսներ շարունակ մարդկանց բնականոն կյանքը խաթարած վիրուսի տարածման երկրորդ ալիքն է սկսվում։ Հայաստանում վերջին օրերին ևս կորոնավիրուսի հաստատված դեպքերի դինամիկայի աճ է նկատվում՝ հունիսի 3-ին հաստատված նոր դեպքերի թիվը 515 էր, նախօրեին կորոնավիրուսային հիվանդության 697 նոր դեպք էր գրանցվել, արդեն այսօր՝ 596 նոր դեպք։ Արդյոք սա վիրուսի տարածման պիկն է, պետք է գնալ խիստ կարանտինային ռեժիմի, ի՞նչ մոտեցումներ են կիրառում տարածաշրջանի երկրները, որը ընդունելի կլիներ մեզ համար, ո՞րը պետք է լինի Կառավարության դերը, ի՞նչ ազդեցություն կունենա սա ՀՀ տնտեսության վրա․ նշյալ հարցերի շուրջ Armenia Today-ը զրուցել է «Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանի հետ։
-Պարոն Միքայելյան, ինչո՞վ է պայմանավորված կորոնավիրուսի հաստատված դեպքերի դինամիկայի աճը, արդյոք մոտեցել ենք համաճարակի պիկին։ Բավարար է օրական արվող թեստավորման քանակը՝ վարակվածներին բացահայտելու համար։
-Ոչ, մենք դեռ համաճարակի սկզբում ենք։ Դա հետաձգված հետևանքն է մայիսի 18-ի հասարակական տրանսպորտը և այլ մնացած օբյեկտները բացելու որոշման։ Ինչ վերաբերում է թեստավորմանը, ապա առավել շատ թեստավորում պետք է իրականացվի, քան արվում է, որպեսզի դեպքերի մեծ մասը կարողանանք գտնել։ Այժմ հաստատված դեպքերի թիվը շատ ավելին է, քան մեզ հայտնի է։ Դրական թեստերի մասնաբաժինը թեստերի ընդհանուր թվաքանակում այժմ կազմում է մոտ 36%, որպեսզի կարողանանք բոլոր դեպքերը բացահայտել, այդ ցուցանիշը 3%-ից բարձր չպետք է լինի, գոնե պետք է 5% լինի։ Ստացվում է՝ ՀՀ-ում դեպքերի մեծամասնությունը չենք կարողանում իմանալ։
-Արդյոք պետք է գնա՞լ խիստ կարանտինային ռեժիմի, ի՞նչ ազդեցություն կունենա դա ՀՀ տնտեսության վրա։
-Կան տարբեր ուսումնասիրություններ։ Խիստ կարանտինային ռեժիմին անցնելը կարող է ՀՀ տնտեսության վրա խիստ բացասական ազդեցություն ունենալ։ Հիմա էլ չենք կարող ասել, որ տնտեությունը վերադարձել է դրական դինամիկայի։ Այսինքն՝ միայն կարանտին չեղարկելով տնտեսություն չի վերականգնվելու։ Մենք պետք է ուսումնասիրենք, թե ինչ հետևանքների է դա բերելու․ այս պահին դրա մասին չեմ կարող ասել։
-Տարածաշրջանային երկրների համեմատությամբ՝ ի՞նչ դիրքեր է զբաղեցնում Հայաստանը, ի՞նչ մոտեցումներ են կիրառում տարածաշրջանի երկրները, որը ընդունելի կլիներ մեզ համար, որը պետք է լիներ գործող իշխանության մոտեցումը՝ դինամիկայի նվազման համատեքստում։
Ամենակարևորը մարդկանց կյանքեր փրկելն է․ սա պետք է լինի Կառավարության հիմնական գործունեությունը, և եթե կարողանում է կառավարությունը դա անել, ուրեմն հաջողում է։ Այս պահի դրությամբ տեսնում ենք, որ զգալի մասով դա չի ստացվում։ Հայաստանում դեռ շատ խնդիրներ կան դրա հետ կապված, և կան նաև բավականին խորը հոռետեսական կանխատեսումներ։ Վրաստանի օրինակը շատ հաճախ է բերվում, և կան ուրիշ երկրներ էլ, բայց ՀՀ-ն չի կարող որևէ հաջողություն ցուցադրել այս հարցում։
-Երեկ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը հայտնեց, որ այս 4 ամսվա տվյալներով` ընդամենը 12000 աշխատող է կորցրել իր աշխատանքը։ Սա իրակա՞ն պատկերն է, գործազրկության ի՞նչ ցուցանիշներ ունենք այսօր։
Եթե 12000 աշխատող կորցրած լիներ աշխատանքը՝ դա վատ ցուցանիշ չէ։ Կան ուրիշ ուսումնասիրություններ, որոնք շատ ավելի մեծ պատկեր են ցույց տալիս։ Չգրանցված աշխատողների խնդիրը ևս կա։ ՀՀ-ում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր կորոնավիրուսով պայմանավորված՝ գործ չունեն, և հետո կարող են կորցնել աշխատանքը կամ հիմա փաստացի չեն աշխատում․ այս պատկերը կհստակեցվի մի փոքր ուշ։ Տարվա վերջում կկարողանանք համեմատել ու հասկանալ՝ ինչպիսի դինամիկա կա աշխատաշուկայում։
Նարե Հարությունյան