Հայաստանը որոշել է հրաժարվել Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինման համար տրամադրվող ռուսական վարկից՝ հայտարարելով, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կիսատ մնացած աշխատանքները կշարունակվեն ՀՀ միջոցների հաշվին։
2015 թվականին կնքված պայմանագրով Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 270 միլիոն դոլար վարկ՝ 3 % տոկոս տոկոսադրույքով և 15 տարի ժամկետով ու 30 միլիոն դոլարի դրամաշնորհ։ Վարկային միջոցների ու դրամաշնորհի ներգրավումը նպատակ ուներ մինչև 2026 թվականը երկարաձգել հայկական ատոմակայանի աշխատանքը:
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերազինման համար տրամադրվող ռուսական վարկից հրաժարվելու պատճառների, այդ որոշման վրա հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների ազդեցության և թեմային առնչվող այլ հարցերի մասին Armenia Today-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի հետ։
-Պարոն Մանվելյան, հայկական կողմի նման որոշումը, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավոված և ի՞նչ խնդիրների դա կարող է հանգեցնել։
-Հայկական կողմի հրապարակած ինֆորմացիան շատ սահմանափակ էր, ուստի դժվար է ասել, թե կոնկրետ ինչ պատճառներով են հրաժարվել վարկից։
Ինչպես գիտենք ռուսական կողմի տրամադրած վարկով պետք է իրականացվի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինում, սակայն օրերս հրապարակված ինֆորմացիայի մեջ մի շարք անհանգստացնող հարցեր կան։ Օրինակ՝ ատոմակայանի ռեակտորի վերանորոգման աշխատանքների շուրջ առաջանում են հարցեր՝ արդյոք այդ աշխատանքն ավարտին կհասցվի՞, արդյոք իրականացվելիք աշխատանքներն այն տեսքը կունենա՞ն, որն ի սկզբանե նախատեսված էր։
Բացի այդ, այստեղ հայ-ռուսական համագործակցությունից կան նաև ՄԱԳԱՏԷ-ի գործոնը, որն, ինչպես գիտենք, վերահսկում է այդ աշխատանքները, և առանց ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնության՝ նման ծրագրեր չեն իրականացվում, հետևաբար շատ կարևոր է հասկանալ՝ ՄԱԳԱՏԷ-ն ինչ կարծիքի է, որովհետև եթե ծրագիրը կիսատ մնա, մենք խնդիրներ կունենանք ոչ միայն ռուսական կողմի հետ, այլև՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ ռեակտորի շահագործման շարունակականության և այլ հարցների մասով։
Այս տեղեկատվությունը նաև լուրջ մտահոգության տեղիք է տալիս, այն առումով, որ էներգետիկ ոլորտում ունեցած մեր խնդիրներն ավելանում են։ Անորոշ է նաև այն, թե ներքին ինչ ռեսուրսների հաշվին են միջոցներ հայթայթելու և առհասարակ կարողանալու են հայթայթել, թե՝ ոչ։
-Այս որոշման վրա հնարավո՞ր է քաղաքական որոշ գործոններ ազդեցություն ունեցած լինեն։
-Առհասարակ, քաղաքական գործոնը ցանկացած գործընթացում առկա է, մանավանդ եթե խոսքը վերաբերում է էներգետիկային, որն, այսպես թե այնպես, բոլոր թելերով կապված է քաղաքականությանը։ Պարզ է մի բան, որ իշխանությունները խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցման առումով, բացի այդ խնդիրներ կան էներգետիկ անվտանգության հասկացության հետ և քանի որ չեն կարողանում ո՛չ ռուսների հետ հարաբերությունները կառուցել, ո՛չ հասականալ ռազմավարական ինչ շահեր մենք ունենք և ինչպես այդ շահերը սպասարկել, ուստի մենք անընդհատ խնդիրների առաջ ենք կանգնում։
-ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերազինմումը ի՞նչ նշանակություն կունենա տարածաշրջանային անվտանգության տեսակետից
-Ռեակտորի վերազինումը Հայաստանի էներգետիկ անվտանգության համար կարրևոր նշանակություն ունի․ էներգետիկ անվտանգությունը գլոբալ առումով մեր ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչն է։
Տարածաշրջանում Ադրբեջանը ևս պարբերաբար շահարկում է սեփական ատոմակայան կառուցելու հարցը, սակայն ես համոզված եմ, որ դա նրանց չի հաջողվի՝ տարբեր պատճառներով՝ առաջին հերթին այն, որ լուրջ խնդիրներ ունեն ՄԱԳԱՏԷ-ի հետ։ Սակայն էականը դա չէ, էականն այն է, որ եթե մենք հակարծ չկարողանանք ավարտին հասցնել ռեակտորի վերականգնման աշխատանքները, ապա մենք տանուլ ենք տալիս այն առավելությունները, որոնք ունենք տարածաշրջանում։
Ատոմակայանը, առհասարակ հսկայական պոտենցիալ առավելություն է․ այն ոչ միայն էներգետիկ դաշտում է առավելություններ տալիս, այլև՝ գիտական առավելություն է․ ատոմակայանում աշխատում են այնպիսի մասնագետներ, ինչպիսին տարածաշրջանում ոչ մի երկիր չունի։ Նույնիսկ Իրանի Բուշեր ատոմակայանը, որը կառուցել են ռուսները, մինչև հիմա ռուս ինժեներներն են սպասարկում, իսկ մենք ունենք մեր մասնագետները, որոնց պահանջարկն արտերկրում բավականին մեծ է։ Օրինակ՝ Կանադան Հայաստանից մեծ թվով ինժեներներ է տարել, իսկ եթե ատոմակայանի աշխատանքները խաթարվեն, ապա այդ մասնագետները Հայաստանից կարտագաղթեն։
Վարդուհի Մկրտչյան