Հուլիսյան մարտերից հետո հակառակորդը շարունակում է սահմանամերձ շրջաններում ռմբապաստարանների կառուցումն ու ամրաշինական աշխատանքների իրականացումը։ Այս ամենին զուգահեռ հանդես է գալիս ապատեղեկատվության տարածմամբ՝ նշելով, որ հայկական կողմը կրակ է բացում ադրբեջանական սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։
Հուլիսյան մարտերից հետո հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի Աֆրին և Ազազ շրջաններից վարձկանների է տեղափոխում Ադրբեջան՝ Արցախի դեմ կռվելու։
Օրեր առաջ էլ հայտնի դարձավ, որ Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ մեդիա-հարթակ են ստեղծում` սոցցանցերում շրջանառվող ստերի և արտաքին աշխարհից եկող քարոզչության դեմ պայքարելու համատեղ պայքարելու։
Ադրբեջանական գյուղերի տարածքում ռմբապաստարանների կառուցման, հայկական կողմի «կրակոցների մասին» ապատեղեկատվության տարածման, Սիրիայից Ադրբեջան վարձկանների տեղափոխման, թուրք-ադրբեջանական համատեղ մեդիա-հարթակի ստեղծման մասին Armenia Today-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ։
– Հակառակորդը շարունակում է Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական գյուղերի շրջանում ռմբապաստարանների կառուցումն ու ամրաշինական աշխատանքները։ Պարո՛ն, Հովհաննիսյան, հուլիսյան մարտերից հետո ի՞նչ նպատակ է հետապնդում հակառակորդի նման ակտիվությունը, ի՞նչ խնդիր է հակառակորդը փորձում լուծել։
– Ադրբեջանը ոչ թե պետական միջոցներով է կառուցում այդ ապաստարանները, այլ ադրբեջանական սահմանամերձ գյուղերի բնակիչներն իրենց իսկ միջոցներով իրենց տների ու հողամասերի մոտ կառուցում են այդ ապատաստարանները։ Թվում է՝ սա առաջին հայացքից մարդասիրական բնույթ է կրում, սակայն հակառակորդն ունի շատ ավելի հեռուն գնացող նպատակներ. Ադրբեջանի համար այն ստրատեգիական բնույթ է կրում։
Ադրբեջանի իշխանությունն էլ՝ իր գործելաոճի համաձայն, այս դեպքում ևս օգտագործում է սեփական բնակչությանը։ Ավելի կոնկրետացնեմ. նախկինում Ադրբեջանը՝ թե՛ ապրիլյան պատերազմի, թե՛ հուլիսյան մարտերի ժամանակ, հրետանին տեղակայում էր հենց իր բնակավայրերի մոտ, և, երբ հայկական կողմին այլ ելք չէր մնում, որպեսզի թիրախավորեր և խոցեր ադրբեջանական հրետանին, երբեմն շեղումներ էին լինում և հայկական կողմի արկերը որոշ դեպքերում ընկնում էին նաև բնակելի տների մերձակայքում։ Այս դեպքում ևս Ադրբեջանը փորձում է ռազմավարական հարց լուծել․ հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ հրետանին տեղակայելու է ոչ թե բնակավայրերի սահմանային հատվածում, այլ՝ բնակավայրերի ներսում՝ գյուղամիջում, դպրոցների տարածքներում՝ այնպիսի տարածքներում, որոնք դիտարկվում են միջազգային կազմակերպությունների կողմից։
– Արդյոք սա նպատակադրվա՞ծ քայլ է Ադրբեջանի իշխանությունների կողմից, որպեսզի հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ նշեն, որ հայկական կողմը կրակում է խաղաղ բնակչության վրա։
– Հիշենք Ալիևի հարցազրույցը, ով ասում էր, որ հայերը բնակավայրեր չունեն Արցախի սահմանամերձ հատվածներում, և իրենք չենք կարողանում Արցախի բնակավայրերին հարվածել, բայց հայերը «հարվածում են» իրենց բնակավայրերին. նա այսկերպ փաստում է, որ իրենք բնակչությանը կենդանի թիրախ են դարձրել՝ թաքնվելով բնակչության թիկունքում, և հայկական կողմին ոչինչ չի մնում, քան խոցել թիրախները։ Այս դեպքում Ադրբեջանը հայկական կողմին մեղադրում է ագրեսոր լինելու մեջ՝ բնակչությանը հարվածներ հասցնելու համար։
Այս քայլին գնալով՝ Ադրբեջանն իր բնակչությանը վահան է դարձնում, միաժամանակ հույսը դնում է հայերի մարդասիրության վրա, որ չենք կրակի։
– Ադրբեջանը պարբերաբար հայտնում է, իբր հայկական կողմը կրակ է բացում իր սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, որը ՀՀ ՊՆ-ն հերքում է։ Ի՞նչ հիմնական խնդիրներից է փորձում հակառակորդն իր բնակչության ուշադրությունը շեղել՝ այդպիսի ապատեղեկատվություն տարածելով։
– Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը հայտարարում է, թե իբր հայկական զինուժը կրակում է ադրբեջանական գյուղերի ուղղությամբ, այն էլ այնպիսի գյուղերի ուղղությամբ, որոնք մինչև տավուշյան մարտերը չեն եղել թիրախում։
Նախ այս հայտարարություններով Ադրբեջանը փաստում է, որ հայկական կողմը տավուշյան մարտերից հետո բարելավել է դիրքերը և նշանառության տակ է վերցրել այնպիսի կետեր, որոնք մինչ այդ չէին եղել հայկական ԶՈՒ դիտարման տակ։ Իսկ երկրորդ խնդիրն այն է, որ Ադրբեջանը փորձում է այսպես ներքաղաքական լարվածությունը, քաղաքական ձերբակալությունները և դրանց շուրջ առաջացած դժգոհությունները տեղափոխել բացառապես ռազմական դաշտ։
Ադրբեջանը փորձ է անում իր բնակչությանը ցույց տալ, որ «մինչ դուք այստեղ ներքաղաքական որոշ դիվիդենտներ եք շահում, թշնամին սահմանին կրակում է»։ Ուշադրություն դարձնենք նաև այն հանգամանքին, որ վերջին շրջանում պաշտոնական հաղորդագրություններում Ադրբեջանն օգտագործում է «թշնամի» եզրույթը։ Կարող ենք ասել՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի արհեստականորեն լարի իրավիճակը սահմանագծում։
– Հայկական կողմն ինչպե՞ս կարող է հակազդել հակառակորդի սադրանքներին ու ապատեղակատվական քարոզչությանը։
– Հայկական զինված ուժերը սահմանին բավականին արդյունավետ հակազդում են հակառակորդի սադրանքներին ու կատարում իրենց առջև դրված խնդիրը։
Այդուհանդերձ, մենք մեդիադաշտում նույն արդյունավետությամբ չենք հակազդում․ այստեղ մենք թույլ ենք։ Թույլ ենք, քանի որ գործում ենք ոչ միասնական ճակատով, հաճախ օգտագործում ենք ադրբեջանական մեդիադաշտում տարածվող տեղեկատվությունը, նույնիսկ այնպիսի կայքերի, որոնց մասին Ադրբեջանում չգիտեն։ Այդ կայքերը ստեղծված են հայկական լսարանի համար, և մենք պետք է առաջին հերթին հենց սրանից ազատվենք՝ հայկական դաշտ չբերելով ադրբեջանական քարոզչությունը։
Պետք է մեդիադաշտում գործենք միասնական հարթակով. այսկերպ հանդես գալով՝ կարող ենք չեզոքացնել ադրբեջանական քարոզչությունը։ Այս առումով իրապես անելիք ունենք։
– Տեղեկատվություն կա, որ Թուրքիան Սիրիայից Ադրբեջան վարձկաններ է բերում։ Ի՞նչ նպատակ է հետապնդում վարձկանների տեղափոխումն Ադրբեջան, ինչի՞ է պատրաստվում հակառակորդը։
– Վարձկանների տեղափոխումն Ադրբեջան նորություն չէ․ և՛ Արցախյան պատերազմի, և՛ ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի կազմում կռվել են վարձկաններ։ Սա խոսում է ադրբեջանական բանակում առկա ոչ միատարության խնդրի մասին։ Եթե հայկական բանակը 90 և ավելի տոկոսով միատարր է, ապա ադրբեջանական բանակում դա խնդիր է, և Ադրբեջանը շատ կարևոր գործողությունների ժամանակ օգտագործում է վարձկաններին։
Հիմա Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են վարձկանների հարցը լուծել և բերել օրինական դաշտ, և միասնական զորախմբի գաղափարը դրան է տանում, որ լինի թուրք-ադրբեջանական համատեղ մեկ զորախումբ, որը կկատարի կարևոր ռազմական առաջադրանքներ։
– Թուրքիան ու Ադրբեջանը հայտարարել են համատեղ մեդիա-հարթակ ստեղծելու մասին։ Ինչու՞ են հիմա նման նախաձեռնությամբ հանդես գալիս։ Ո՞րն է համատեղ մեդիա-հարթակ ստեղծելու իրական նպատակը։
– Նախ նշեմ, որ Թուրքիան փորձում է Ադրբեջանում լիակատար վերահսկողություն ունենալ, և տավուշյան մարտերի ժամանակ Ադրբեջանում ռազմական ներկայացվածություն ունենալու ձախողված փորձը Թուրքիային հանգիստ չի թողնում. Թուրքիան փորձում է որևէ կերպ վերահսկողություն ունենալ Ադրբեջանում, դրա համար էլ այժմ փորձում են ստեղծել համատեղ մեդիադաշտ։
Այդ հարթակը, միանշանակ, ուղղված է Հայաստանի դեմ և աշխատելու է հայկական կողմի վրա։ Այս քայլի հիմնական նպատակը Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում ներկայացվածություն ունենալն է եթե ոչ ռազմական, ապա՝ գոնե մեդիա դաշտում։
Այդ մեդիահարթակի մեջ ընդգրկված է այնպիսի հեռուստաընկերություն, ինչպիսին Global Haber-ն է, որը Թուրքիայի պետական քաղաքականության քարոզիչներից է։ Այս ամենը խոսում է այն մասին, որ մենք պետք է օր առաջ ստեղծենք միասնական մեդիա հարթակ՝ միասնական տեղեկատվական քաղաքակություն իրականացնելու համար, որպեսզի կարողանանք այդ հզոր հարթակի դեմ պայքարել։
Վարդուհի Մկրտչյան