ՀՀ ԱԱԾ-ն հայտնել է պետական գործիչների սպանության փորձի կանխման, կառավարության լիազորությունների բռնազավթման, ինչպես նաև այդ նպատակով զենք, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր ձեռք բերելու և պահելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Ըստ աղբյուրի՝ Սյունիքի մարզի բնակիչ Ա. Մ. – ն, ունենալով ընդդիմադիր հայացքներ, համաձայն չլինելով ՀՀ կառավարության և վարչապետի ներքին և արտաքին քաղաքականությանը, մի խումբ անձանց հետ ապօրինի կերպով դուրս է բերել մարտական գործողությունների գոտուց և Սիսիան քաղաքի իրեն պատկանող շինությունում թաքցրել մեծ քանակությամբ զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր:
ԱԱԾ-ի տվյալներով՝ նշված անձը մարտական գործողությունների ընթացքում և դրանց ավարտից հետո պայմանավորվել է Հայաստանում և Արցախում գործող կուսակցությունների ղեկավարների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և նրանց կողմնակիցների հետ՝ նշված զենքի գործադրմամբ իշխանության բռնազավթման, վարչապետի սպանության և կառավարության լիազորությունների յուրացման մասին: Նշվում է, որ քննարկվել են նաև վարչապետի հնարավոր թեկնածուները:
Նշված արարքների կատարման կասկածանքի հիման վրա ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Ա.Վ. – ն, ԱԺ նախկին պատգամավոր եւ նախկին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վ. Բ. – ն, ՀՅԴ անդամ Ա. Ա. – ն, ինչպես նաեւ Սիսիանի կամավորական ջոկատի հրամանատար Ա. Մ. – ն, ասված է հաղորդագրության մեջ:
Հարկ է նշել, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում կասկածյալներին պատկանող բնակարաններում կամ շինություններում հայտնաբերվել և առգրավվել են 3 հատ 7,62 մմ տրամաչափի «ПК» տեսակի /7,62X54/ գնդացիրներ, մեկ հատ «РПК-74» տեսակի 5,45 մմ տրամաչափի ձեռքի գնդացիր, 2 հատ օպտիկական սարքով հակատանկային նռնականետ, 3 հատ ինքնաձիգ, 14 հատ օպտիկական սարքով հրացան, 9 արկղ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ՝ յուրաքանչյուրում 2160 հատ փամփուշտ, 5 արկղ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 233 հատ 7.62 տրամաչափի փամփուշտներ, 11 հատ պայթուցիչ/կապսուլ/, 8 հատ էլեկտրական պայթուցիչ/զապալ/, 1 հատ նռնակի պայթուցիչ, 13 հատ մեխանիկական պայթուցիչ, 1 կծիկ վառոդաթել /ֆիթիլ/, 2 հատ ՌԳԴ տեսակի նռնակ, 3 հատ ձեռքի նռնակի պայթուցիչ, 1 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ, 1 հատ հակատանկային նռնակի իրան, 1 հատ տրոտիլային խորանարդիկ՝ ինքնաշեն մետաղական շրջանակով, 1 հատ էլեկտրական դետոնացում իրականացնող սարք, ինչպես նաև մեծաքանակ այլ զենք ու զինամթերք, որոնց օգտագործման և նպատակի մասին սույն գործով ներգրավված անձինք մանրակրկիտ քննարկումներ են ունեցել: