Արցախյան պատերազմից հետո Թուրքիան ու Ադրբեջանն առաջին անգամ համատեղ զորավարժություն կանցկացնեն։ Նախատեսվում է, որ այն տեղի կունենա փետրվարի 1-ից 12-ը՝ Կարս քաղաքում։
Այս մասին Armenia Today-ը զրուցեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։
Մասնագետը կարծում է, որ շատերի մոտ սխալ տպավորություն է, թե պատերազմն ավարտվել է, և Ադրբեջանից ու Թուրքիայից որևէ սպառնալիք այլևս չկա։
«Ընդհակառակը, այդ երկու պետությունների հայտարարություններն ու գործողությունները ցույց են տալիս, որ պատերազմի սպառնալիքը պահպանվում է։ Ոչ ոք չպետք է պատրանք ունենա, թե այսուհետ չեն լինի սադրանքներ, սպառնալիքներ, առնվազն՝ հայտարարություններ, իրենց համար նպաստավոր պայմաններում՝ նաև ագրեսիվ գործողություններ։ Իսկ թե երբ կլինի դա՝ 5, 10, թե 20 տարի անց՝ այլ հարց է»,- նկատեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ վտանգները շարունակում են մնալ, ավելին՝ պատերազմի հետևանքով դրանք ավելի են աճել։
«Հասկանալի է, որ ձևավորվել է նոր ստատուս-քվո, որը հնարավոր չէ որակել հօգուտ մեզ։ Մեր դիրքերը թուլացած են, հետևաբար՝ ցանկացած սադրանք մեզ համար ավելի վտանգավոր է»,- նշեց ադրբեջանագետը։
«Անկախ նրանից, թե ի՞նչ նոր համաձայնություններ ձեռք կբերվեն, երկու երկրների նախագահների հայտարարությունները, Ադրբեջանի ղեկավարի հռետորաբանությունը ցույց են տալիս, որ այդ երկրները չեն հրաժարվում իրենց ագրեսիվ քաղաքականությունից,- ասաց նա՝ հավելելով, որ այսքանից հետո պարզ է, որ նրանք կշարունակեն սպառազինություն վաճառել-իրացնել, և սա լինելու է իրենց համար բնական գործընթաց՝ առաջիկա տարիների ընթացքում։
Ինչպես հիշեցնում է ադրբեջանագետը՝ Ադրբեջանն ու Թուրքիան վերջին տարիներին համատեղ զորավարժություններ պարբերաբար են անցկացրել ու որևէ առիթ չունեն կամ որևէ կերպ ցույց չեն տվել, թե դադարեցնելու են դրանք։
Հարցին, թե քարոզչական իմաստով որոնք են լինելու Հայաստանի գործողությունները, Հովհաննիսյանն ասաց, որ ցանկացած քարոզչություն պետք է հիմնված լինի ռեալ գործողությունների վրա։ Հայաստանի գլխավոր խնդիրը հիմա տնտեսությունն ու բանակը զարգացնելու ուղիներ գտնելն է։ Թե ինչպես դա պետք է անել, բարդ հարց է ու հնարավոր չէ մեկ հարցազրույցի շրջանակում ամփոփել։ Դա կոնցեպտ է, այսինքն՝ սցենարային հավանական զարգացումներն են և մեր ընդհանրական անելիքները։ Պետք է շարժվել այդ ուղղությամբ բոլոր մակարդակներում ՝ վարելով ճիշտ քաղաքականություն։
«Իրենց քաղաքականությունը պարզ է, դրան դեմ դուրս գալու համար պետք է վարել սեփական ճիշտ քաղաքականությունը»,- ասաց Տարոն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում է վերջին շրջանում ամենամասշտաբային ձմեռային զորավարժություններին։ Զորավարժությունները տեղի կունենան Կարսում՝ փետրվարի 1-ից 12-ը, որոնց կմասնակցեն նաև Ադրբեջանի զինված ուժերը, կներգրավվեն տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար թիմեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ նշանակության ջոկատայիններ և ուղղաթիռներ։
Արաքսյա Սնխչյան