Մի քանի օր առաջ միջազգային մամուլում լայն տարածում ստացան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանության մասին տեղեկությունները։ Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Ա ՄՆ֊-ն ոչնչացրել է աշխարհի համար մեկ ահաբեկչին։ Ահաբեկչական խմբավորման նոր առաջնորդ է դարձել Աբդուլլա Քարդաշը, որը հայտնի է նաև Հաջի Աբդուլլա ալ-Աֆարի անունով։
Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի վարած քաղաքականության, ԻՊ պարագլխի սպանության, և կազմակերպության հետագա գործունեության թեմայով Armenia Today-ը զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։
1 ․ Պարոն Պետրոսյան, ալ-Բաղդադիի սպանության ժամանակահատվածն ԱՄՆ-ի կողմից պատահական էր ընտրված թե՞ այն նախապես որոշված էր, և ի՞նչ հարց է Միացյալ Նահանգները փորձում լուծել այս սպանության միջոցով։
Ժամանակահատվածի ընտրությունը կարելի է պայմանավորել մի քանի հանգամանքով։ Նախ և առաջ հարկ է ընդգծել իրականացված հատուկ գործողության առավելապես քարոզչական, քան մարտավարական և ռազմավարական բնույթը։
Վերջին շրջանում Սիրիայի հյուսիսում Միացյալ Նահանգների գործելաոճի, մասնավորապես՝ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի նախաձեռնած «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն ի սկզբանե չկանխելու հետևանքով ԱՄՆ-ի և հատկապես նախագահ Թրամփի հեղինակությունն ընկել է, ինչպես Սիրիայում իր գործընկերների ու դաշնակիցների, այնպես էլ տարածաշրջանում նրա դաշնակիցների շրջանում։ Նման դիրքորոշումը միանշանակ չի ընդունվել նաև ԱՄՆ-ում։ Նշվածի համատեքստում Վաշինգտոնին անհրաժեշտ էր այնպիսի գործողություն, որ առնվազն քարոզչական դաշտում կլուծեր մի շարք խնդիրներ։ Հետևաբար, ալ-Բաղդադիի չեզոքացման գործողությամբ ԱՄՆ-ը փորձում էր դրականորեն ազդել նախագահի վարկանիշի վրա, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ երկրի ներսում՝ առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ։
Մյուս կողմից պետք է նշել, որ ԱՄՆ-ն այդ գործողությունն իրականացրել է նաև քրդերի հետ համագործակցությամբ՝ ձգտելով ցույց տալ, որ քրդերի հետ ռազմավարական բնույթի շփումները շարունակվում են։ Եվ բացի նշվածից, եթե այս շրջանում չիրականացվեր այս գործողությունը, հնարավոր է, որ հետագայում հնարավոր չլիներ՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի նկատմամբ քրդերի վերաբերմունքի փոփոխությունը։
2 ․ Այս գործողություններով ԱՄՆ-ն ինչպիսի՞ հարված հասցրեց «Իսլամական պետությանը» և այժմ ո՞ր տարածքներն է ընդգրկում ահաբեկչական խմբավորման ազդեցության գոտին։
2017 թվականի վերջից «Իսլամական պետությունն» աստիճանաբար կորցնում էր ազդեցությունը զբաղեցրած տարածքների նկատմամբ, դրան զուգահեռ՝ փոխվում էր նաև խմբավորման մարտավարությունը՝ անցնելով դասական ահաբեկչական գործելաոճի, ինչպես մյուս ահաբեկչական խմբավորումները։ Ահաբեկչական խմբավորման ազդեցության տակ գտնվող վերջին բնակավայրը Սիրիայի Դեր Զոր նահանգի Բաղուզ շրջանն էր, որի նկատմամբ վերահսկողությունն ամբողջապես կորցրեց ընթացիկ տարվա գարնանը։ Այժմ ԻՊ-ը գործում է տարբեր բջիջների միջոցով, որոնք ակտիվանում են ըստ անհրաժեշտության՝ ինչպես Սիրիայի, այնպես էլ Իրաքի տարբեր հատվածներում։
ԱՄՆ-ի կողմից ԻՊ-ին հասցված հարվածն առավելապես խորհրդանշական է, որովհետև նման խմբավորումների պարագայում պարագլխի անձի բացահայտումից հետո, նրանք, որպես կանոն, դադարում են էական ազդեցություն ունենալ խմբավորման կառավարման, մարտավարության կազմակերպման գործում, քանի որ նրանք դառնում են տարբեր երկրների և միջազգային հատուկ ծառայությունների թիրախ և այդ պայմաններում նրանց գործունեությունը և շարժունակությունը խիստ սահմանափակվում է։
3 ․ ԻՊ նոր առաջնորդն ի՞նչ ազդեցություն կունենա խմբավորման միավորման և հետագա գործունեության վրա։
Դժվար է ասել, որ նոր առաջնորդը կկարողանա ինչ-որ առարկայական քայլեր իրականացնել խմբավորման վերամիավորման ուղղությամբ, քանի որ դրա համար նախևառաջ անհրաժեշտ են նախադրյալներ այն աշխարհագրական տարածներում, որտեղ գործում է խմբավորումը։ Մասնավորապես՝ առնվազն Սիրիայում և Իրաքում անկայություն և կենտրոնական իշխանությունների թուլացում է անհրաժեշտ։ Սակայն նման զարգացումներ չեն նշմարվում, անգամ այն պարագայում, երբ վերջին շրջանում Իրաքում նկատելի է ներքաղաքական իրավիճակի ապակայունացում, իսկ Սիրիայում հակամարտությունն ամբողջապես չի կարգավորվել։
Մեծ հավանականությամբ ԻՊ նոր առաջնորդի գործունեությունը միտված է լինելու դասական ահաբեկչական գործելաոճի տրամաբանությամբ կազմակերպությունն ակտիվ պահելուն, աշխարհի տարբեր ծայրերում կազմակերպության հեղինակությունն ու գաղափարները պահպանելուն և անհրաժեշության ու հնարավորության դեպքում նախկին մարտավարությանը բնորոշ տարաբնույթ ահաբեկչական գործողություններ իրականացնելուն։
Այժմ խմբավորումն անցել է ընդհատակ, գործում է առանձին բջիջների տեսքով և դրանք ակտիվանում են՝ ըստ հնարավորության։ Խմբավորման համար ակտիվ գործունեության նախկին նախադրյալներն այլևս չկան և՛ խմբավորման կողմից, և՛ կազմակերպության գործունեության նախկին տարածքներում ստեղծված օբյեկտիվ իրավիճակներով պայմանավորված:
Վարդուհի Մկրտչյան