Ժնևում մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ետնաբեմում կայացել է Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի զրույցը։ Պաշտոնական տեղեկատվությունից դատելով՝ նրանց քննարկման հիմնական թեման Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրն էր։
Նկատելի է, որ Լավրովի և Մնացականյանի հերթական ռանդևուն կայացավ Մյունխենյան հանդիպումից, այնուհետ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանրային բանավեճից անմիջապես հետո։ Հենց դրանցից հետո ՀՀ Վարչապետը հրապարակեց Մյունխենյան սկզբունքները։
Մենք արդեն նշել ենք, որ, ինչպես երևում է, դա Մադրիդյան սկզբունքների որոշակի այլընտրանքն է, որոնք բանակցությունների սեղանին են 2017թ․ նոյեմբերից, և որոնց շուրջ արդեն 30 տարի Երևանը և Բաքուն վարում են անարդյունավետ բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) հովանու ներքո։
Օրերս ելույթ ունենալով Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի Անվտագության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ձևավորվում է լիովին նոր բովանդակություն, որն ուղղակի կապ ունի Լեռնային Ղարաբաղի հարցի իրական բովանդակության հետ։ Ակնհայտ է, որ խոսքը գնում է Մյունխենյան սկզբունքների մասին։ Տպավորություն է ստեղծվում, որ դրանց հիման վրա Երևանը շատ շուտով կներկայացնի Ղարաբաղյան հակամարտության իր հայեցակարգը։
Չնայած Հայաստանը պաշտոնապես չի հայտարարել Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու մասին, այնուամենայնիվ ստացվում է, որ արդեն հրաժարվել է դրանց տրամաբանությունից։
Ամենից դատելով՝ շվեյցարական մայրաքաղաքում Մնացականյանը ընդհանուր գծերով Լավրովին ներկայացրեց Երևանի նոր մոտեցումները բանակցային գործընթացի վերաբերյալ։ Դա լիովին բնական է՝ հաշվի առնելով Ռուսաստանի ակտիվ դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջազգային համայնքի միջնորդական գործում։
Այդ համատեքստում լիովին սիմպտոմատիկ է հնչում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ոչ այնքան վաղ հայտարարությունը․ «Ռուսաստանը պատրաստ կլինի հետագայում ամենաակտիվ միջնորդական աջակցությունը ցուցաբերելու ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այնպես էլ ազգային մակարդակում՝ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան ձևաչափում»։
Այսինքն Մոսկվան պատրաստ է լինելու արդյունավետ միջնորդ ոչ միայն որպես միջազգային համայնքի ներկայացուցիչ, այլ նաև հաշվի առնելով դաշնակցային և գործընկերային հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Առավել ևս, որ Լավրովը մշտապես հայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հետխորհրդային տարածքում Ռուսաստանի առաջնահերթություններից է»։