Նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով՝ մարտի 16-ից Հանրապետության ողջ տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն, որը կպահպանվի մինչև ապրիլի 14-ը։ Ավելին՝ մարտի 24-ից, առնվազն մեկ շաբաթով երկրում գործում են նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ 1000-ավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է, և թույլատրվելու է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը և որ կարևոր է՝ մարդկանց միայն կենսական անհրաժեշտ տեղաշարժը:
Ստեղծված իրավիճակում ընկերությունների առջև ծառացած խնդիրների, պետություն-գործատու-աշխատող շղթայի արդյունավետ փոխգործակցության, հարկային արձակուրդների մասին Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակիցը զրուցել է «Ֆրեդա» խորհրդատվական ընկերության հաշվապահական խմբի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանի հետ։
1․ Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ խնդիրների են բախվելու ընկերությունները՝ ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում։
Արտակարգ իրավիճակի հետ կապված ընկերությունների խնդիրները տնտեսական հետևանքներն են ու վաճառքի ծավալի նվազումը։ Կառանձնացնեմ նաև սեգմենտները, քանի որ նույն խնդիրը տարբեր ոլորտների ու տարբեր շրջանակների համար տարբեր է։
Ներգնա զբոսաշրջության տեսանկյունից իրացման, ծառայությունների մատուցման անկում է լինելու։ Եթե դիտարկենք առևտրի տեսանկյունից՝ ևս անկում կա, բայց այնուամենայնիվ կան նվազագույն սպառման պարագաներ, որոնք սպառվելու են։ Խնդիրն այն է, որ գործունեության բնականոն ցիկլը խախտվում է, որը կարող է հանգեցնել ոչ պլանային հետևանքների, այսինքն՝ թերպլանավորման կամ գերսպառման հետևանքով ինչ որ ապրանքատեսակի դիֆիցիտի, արհեստական գնաճի։
Հատկապես զբոսաշրջության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները կանդրադառնան տնտեսության բոլոր ոլորտների վրա։
2․ Հայաստանում չկան հարկային արձակուրդներ։ Ի՞նչ վտանգ է սա իրենից ենթադրում։
Այո՛, Հայաստանում իրականում չունենք հարկային արձակուրդներ։ Պետությունը ներկայիս պայմաններում՝ իրավիճակի սրմանը զուգընթաց, կատարում է որոշակի քայլեր, բայց, ընդհանուր առմամբ, միակ քայլը, որը ցանկանում է անել, և որի մասին այդքան հայտարարվում է՝ սուբյեկտներին պարտքով որոշակի գումար տալն է։
Ըստ հայտարարությունների՝ գումարն անտոկոս է,բայց իրականությունն այլ է։ Պետությունը միայն մի մասն է սուբսիդավորում, հետևաբար կարող է կոնկրետ սուբյեկտի համար անտոկոս, մյուսի համար 5 կամ 10 տոկոս լինել։ Մաքսիմալը սահմանվում է, բայց այն մեկ է կախված է կոնկրետ սուբյեկտից։
Մյուս խնդիրն այն է, որ երբ ասվում է՝ «քեզ գումար եմ վճարում», պետք չէ մոռանալ այն մասին, որ գումարը տալուց ասվում է՝ վճարիր աշխատավարձ, գնիր հումք, կատարիր որոշակի գործառնություններ, որոնք որ կանխատեսված են։
Նայենք այլ տեսանկյունից, ամենածանր վիճակում հյուրանոցները, ռեստորաններն ու տուր օպերատորներն են, կա՞ երաշխիք, որ կազմակերպությունը երեք ամիս անց կունենա իր առաջին հաճախորդը, եթե կշարունակի նույն տենդենցով։ Կազմակերպություններն աշխատում են 2021 թվականին հասույթ ունենալու համար և չմոռանանք այն, որ մարդիկ, եթե չունեն իրացում՝ չի կարող նաև գումարը հետ վերադարձվել և այդ գումարների մասով լավ կլիներ նախնական որևէ մեխանիզմ մշակվեր, որպեսզի վճարման առաջին փուլը օրինակ լինի վեց կամ ութ ամիս հետո։
3․ Ինչ կասե՞ք կազմակերպությունների հնարավոր ստվերային փոխանցումների մասին։
Եթե պետությունը շարունակի արտոնություն չտալ բիզնեսին, տնտեսվարող սուբյեկտները փորձելու են այընտրանքային մեթոդներ գտնել իրենց ծախսերը կրճատելու մասով։ Դա կլինի թե՛ աշխատողներին փոխադարձ պայմանավորվածությամբ չվճարվող արձակուրդ ուղարկելով, որի հետևանքով արդեն 25 տոկոս հարկային բեռը նրանց վրայից դուրս կգա, թե՛ իրացման շրջանառությունը թաքցնելով և թե այլ եղանակներով։
Օրգանիզմ է, որը փորձում է պայքարել և գոյատևել, ոչ մեկ չի ուզում տարիների բիզնեսը բաց թողնել ձեռքից։
4․ Ինչպիսի՞ փոխգործացությունը կլինի առավել արդյունավետ պետություն-գործատու-աշխատող շղթայում, ի՞նչ քայլեր պետք է արվեն այս կապն առավել ամրապնդելու ուղղությամբ։
Իրականում միակողմանի ոչինչ չպետք է լինի, քաղաքացիները ևս պետք է համաձայնեն որոշակի ներդնում ունենալ, որպեսզի պետությունն էլ կարողանա համապատասխան արձագանքել։ Խոսքն ընդհանուր գործընկերային հարաբերությունների մասին է՝ ինչպես դու ես վերաբերվում պետությանը, նույնկերպ պետությունը՝ քեզ։
Որևէ հեռանկար, ավարտուն ժամկետ չունի այս շղթան։ Դասական օրինակ է Չինաստանը, որտեղ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը տևեց երեք ամիս, կարելի է ասել բոլոր սահմանափակումները հանված են, տնտեսությունը գործում է։ Իսկ մյուս օրինակն է Իտալիան, որտեղ, ըստ իս, երեք ամիս հետո էլ ոչինչ չի վերականգնվի։