«Տաշիր» բարեգործական հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, Հայաստանի գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, կինեմատոգրաֆիստների, թատերական գործիչների հետ համագործակցությամբ նախաձեռնում է «Եղեք առողջ, մնացեք տանը» խորագրով բարեգործական ակցիա, հաղորդում է «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը:
Բարեգործական միջոցառման շրջանակներում ավագ սերնդի վաստակաշատ գործիչներին կոչ են անում պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը:
Որպեսզի տարեց մարդիկ իրենց վտանգի չենթարկվեն և դուրս չգան տանից, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը միջոցներ է հատկացրել կամավորներին անհրաժեշտ բժշկական և պարենային ապրանքների գնման համար:
Բարեգործական նախագծի շրջանակներում արվեստի և մշակույթի 143 գործիչներ ստանում են ինչպես սննդամթերք, այնպես էլ առաջին անհրաժեշտության բժշկական պարագաներ՝ դիմակներ, ախտահանիչ միջոցներ, ձեռնոցներ:
«Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումները ոչ միայն ֆիզիկական, այլ նաև բարոյահոգեբանական ռիսկեր և սպառնալիքներ է պարունակում քանի որ տանը կարանտինային ռեժիմը, կոմունիկացիոն կապերի ընդհատումը որոշ դեպքերում ծանր հետևանքներ են ունենում, առավել ևս՝ մեծահասակների, միայնակ և ժառանգներ չունեցող մարդկանց հոգեբանության վրա։ Ավագ սերնդի մեր արվեստագետները հաղորդակցության կարիք ունեին։ Մենք ունենք 90, 95 տարեկան, իսկ շուտով կլինեն նաև 100-ամյա արվեստագետներ, ովքեր անցել են պատմության միջով, շփվել են շատերի հետ, անցել են պատերազմ, հեղափոխություն», – ասում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը։
Ավելի վաղ «Տաշիր» բարեգործական հիմնադրամն արդեն օգնություն էր տրամադրել Հայաստանի բնակչությանը՝ աշխարհում բարդ համաճարակաբանական իրավիճակի պայմաններում։ Այսպես, կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համար միջոցներ են հատկացվել ՀՀ կառավարությանը, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին և «Հայաստան» համահայկական հիմնադրամին։