Պարետատան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը նշեց, որ կարող ենք արձանագրել, որ կորոնավիրուսով պայմանավորված ունենք բավականին լարված համաճարակային իրավիճակ։
Ի սկբանե, Վանյանի խոսքով, փորձ է արվել բացահայտել բոլոր վարակակիրներին ու կանխարգելել վարակի հետագա տարածումն, անգամ կիրառվել են որոշակի սահմանափակումներ, բայց այն հնարավոր չէ երկար իրականացնել։
Վանյանի խոսքով՝ գործողությունները այսուհետ պետք է կառուցել 3 ուղղություններով՝ 1-ինը՝ շարունակաբար իրականացվելու են հիվանդների, նրանց հետ շփվածների հայտնաբերում և ինքնամեկուսացում, որը որոշակի թույլ է տալիս վարակը կանխարգելել։
2-րդ գործընթացը՝ մեր տնտեսվարողներն են, կազմակերպությունները, որտեղ հավանականությունը մեծ է, որ վարակն արագ է տարածվում։
«Կոչ ենք անում Պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանում։ Պետք է ձևավորվի մշակույթ, և մեր տնտեսվարողները պետք է հասկանան, որ դեռ երկար ապրելու ենք կորոնավիրուսի հետ համատեղ, և կանոնները պետք է պահպանենք։
3-րդ ուղերձը բնակչությանն է՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն»,-ընդգծեց նա։
Վանյանը նշեց, որ այս ընթացքում եղել են վարակի փոքր բռնկումներ հոգեհանգստի և թաղման ժամանակ։
«Հայաստանը պատմության ընթացքում շատ է բախվել համաճարակների հետ, այսօր ունենք մեկ մարտահրավեր՝ կորոնավիրուսի համավարակը, և այն կարող ենք հաղթահարել համատեղ՝ պահպանելով համավարակի կանոնները»,-եզրափակեց նա։