Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով սեպտեմբերի 1-ից դասերը վերսկսելուն, նշել է, որ դասի գնալու հավանականություն կլինի, եթե վարակվածների թիվը նվազի։
Ըստ նախարարի՝ բոլոր հնարավորությունները կան դա անելու, բայց կա հարց, որը պետք է միասին լուծել։ «Հանրակրթության համայնքն ամենամեծ համայնքն է, որը կարող է երկրում շատ մեծ խնդիր լուծել։ Իրավիճակը բարդանում է, եւ լարվածությունը գնալով մեծանում է. և մահերի, և հիվանդացողների թիվը վկայում են այն մասին, որ իրավիճակը բարդ է։ Յուրաքանչյուրս էստեղ մեծ անելիք ունենք»,- նշել է նախարարը։
Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ պետք է հետեւել պարետատան ցուցումներին՝ դիմակ կրել, ձեռքերն ախտահանել եւ պահպանել սոցիալական հեռավորություն։ Վերջինիս պնդմամբ՝ փորձը ցույց է տալիս, որ դիմակի կրումը զգալիորեն նվազեցնում է վարակի տարածումը։
Հարությունյանի համար տաօրինակ է ներկա օրերին դպրոցական խնջույքների անցկացումը։ «Ներդասարանային խնջույքների արգելմամբ մենք հնարավորություն ենք ունենում արագացնել բնականոն կյանքի վերադառնալու և մյուսն այն է, որ երեխաները վիրուսը տանում են ասպիմպտոմ, բայց մեծ հավանականությամբ կվարակեն տատիկ-պապիկներին»,-նշել է նա։
Նա նշել է, որ պետք է ուղիղ կերպով բացատրել, որ երեխաներն այդպիսով մեծացնում են մեծերին վարակելու հնարավորությունը։
Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ մեծ ցանկություն կա դասերը սեպտեմբերից սկսելու, սակայն պետք է ցանկացած իրավիճակի պատրաստ լինել։ Հեռավար կրթության մասին խոսելիս նշեց, որ այն ինչքան էլ որ լավ կազմակերպվի, ունի իր բացասական կողմերը, մասնավորապես՝ սոցիալականացման խնդիրը, քանի որ աշակերտները պետք է շփվեն իրար հետ, հասարակությունում ապրելու հմտություններ ձեռք բերեն։
Անդրադառանալով չիպավորումների եւ 5G կայանների մասին խոսակցություններին, նախարարը նշել է, որ սա ապատեղակատվություն է, եւ չպետք է տարածվի դպրոցականների, ուսուցիչների եւ ծնողների կողմից։ «Էս վարակն իրական է, ես իմ շրջապատում արդեն մի քանի մահեր ունեմ, մի նպաստեք դրա տարածմանը, որ սեպտեմբերի մեկից գնանք դասի», – ասել է նախարարը։
Նախարարը նշել է, որ այն երեխաները, որոնք չեն մասնակցել հեռավար դասապրոցեսներին, հնարավորություն կունենան այն լրացնելու։