ՀՀ կրթության տեսչական մարմնի օրերս իրականացրած ստուգայցերի ընթացքում ՀՀ պարետի կողմից սահմանված կանոնների պահպանման խախտումներ է արձանագրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 134 մանկապարտեզում. բացակայել է բացօթյա պարապմունքներ անցկացնելու համար համապատասխան տարածքը, խոհանոցում առկա չի եղել հոսող տաք ջուր: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից։
Խախտումների մասին արձանագրությունը ներկայացվել է պարետատուն։
Մանկապարտեզի գործունեությունը կասեցվել է 5 օրով:
ՀՀ կրթության տեսչական մարմնի ամենօրյա ստուգայցերը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում շարունակվում են: Այսօր տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են իրականցրել մայրաքաղաքի տարբեր մանկապարտեզներում, իսկ ուժեղացված վերահսկողությունը` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող հերթապահ մանկապարտեզներում էր: