Այս պահին մեր կոչը մեկն է՝ պահպանել հակահամաճարակային կանոնները․ սա կառավարության միակ կոչն է։ Պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով Առողջապահության նախարարի ռեստորաններ ու սրճարաններ չայցելելու կոչին, վարչապետն ընդգծեց որ առողջապահության համակարգի գործընկերներին պետք է ճիշտ հասկանալ՝ նրանք ամիսներ շարունակ աշխատում են գերմարդկային ծանրաբեռնվածության ներքո։
«Այսօր համաճարակային իրավիճակի հետ կապված շատ են հնչում առողջապահական համակարգին ուղղված մեղադրանքներ, բայց ուզում եմ ասել, որ համաճարակի տարածման դեմ առողջապահության համակարագը չէ, որ պետք է պայքարի: Այդ համակարգը պայքարում է տարածման հետևանքների դեմ, երբ հիվանդներ են հայտնվում, որոնց պետք է բուժել: Որքան շատ է հիվանդների թիվը, այնքան ավելի ծանրանում է առողջապահության համակարգի գործը, մանավանդ գիտեք, որ հիվանդանոցային տեղերը ավելի շատ ծավալվել են: Պահպանել հակահամաճարակային կանոնները, չանել այնպիսի գործողություններ, որոնք հակասում են այդ կանոնների պահպանմանը։
Հակահամաճարակային կանոնները ռեստորանում կարելի է և պահպանել, և չպահպանել: Առօրյա կյանքում էլ հնարավոր է և պահպանել, և չպահպանել»,- նշեց վարչապետը։
Նա նշեց, որ կարելի է հարևանի հետ խոսել դիմակով 1,5 մետր հեռավորության վրա, կամ խոսել առանց դիմակ՝ 20 սանտիմետր հեռավորության վրա։
«Մենք չենք կարող կյանքի բոլոր իրավիճակները նկարագրել։ Մեր կոչը մեկն է՝ կրել դիմակ, այն հանել միայն սնվելիս, պահպանել սոցիալական հեռավորություն, ախտահանել ձեռքերը»,- նշեց վարչապետը։