Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ վաղվանից սկսվում է միասնական ընդունելության քննությունները, այսօր արդեն ներբուհական քննություններ են անցկացվել։ Նախարարը նշեց, որ ամիսներ առաջ, երբ նոր էր սկսվել կորոնավիրուսի տարածումը որոշում են կայացրել մեկ քննությամբ կազմակերպել ընդունելությունը՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։
«Ըստ դրա ՀՀ 47 քննական կենտրոններում, որոնցից 17-ը Երևանում են, 30-ը՝ մարզերում, հուլիսի 2,4,6,8-ին տեղի կունենան ընդունելության քննություններ։ Ավելի հագեցած կլինի հուլիսի 6-ը, երբ ամենաշատ դիմորդներն են լինելու»,- նշեց նախարարը։
Հարությունյանը դիմեց ծնողներին և դիմորդների բոլոր ուղեկցողներին՝ կոչ անելով զերծ մնալ քննական կենտրոնների մոտ ավանդական հավաքներից։
«Վստահ եմ Ձեր երեխաները կարող են ինքնուրույն հասնել քննական կենտրոններ, եթե դա հնարավոր չէ, ապա մեկ հոգի պետք է ուղեկցի նրան քննական կենտրոն, և ապա լքի տարածքը»,- նշեց նախարարը։
Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Ոստիկանության, տեղական իշխանության, ԱԻՆ աշխատակիցներին՝ նշելով, որ համատեղ համագործակցության ընթացքում քննական կենտրոնները համատեղ նախապատրաստվել են, տարածքներն ախտահանվել են, սոցիալական հեռավորությունը պահպանված է, երեխաները քննական կենտրոններ մուտք գործելիս կջերմաչափվեն։ Հարությունյանի խոսքով՝ անվտանգության բոլոր կանոնները պահպանված են, քննություններին ներկա կլինեն ԱՆ աշխատակիցներ։
«Ամենակարևորը թույլ չտանք կուտակումներ քննական կենտրոնների մոտ, որ լրացուցիչ զարկ չտանք կորոնավիրուսի նոր ալիքի զարգացմանը»,- եզրափակեց նախարարը։