Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր համայնքապատկան մանկապարտեզների աշխատակիցներն ամբողջական չափով աշխատավարձ կստանան։ Այս մասին հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
«Երևանի համայքապատկան մանկապարտեզների բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ նրանք, ովքեր այժմ հարկադիր պարապուրդի մեջ են, կստանան իրենց աշխատավարձերը՝ առնվազն 100%-ով։
Այն աշխատակիցները (շուրջ 600 հոգի) որոնք այս օրերին ներգրավված են հերթապահ մանկապարտեզների աշխատանքների մեջ, քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ կստանան հավելավճարներ»,-մասնավորեցրել է Կարապետյանը։
Նշենք, որ ավելի վաղ որոշվել էր հունիսի 22-ից ժամանակավորապես փակել քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզները: