Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Հանրակրթության չափորոշիչների նախագծի, հանրապետության հանրակրթական դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան որպես առանձին առարկա այլևս չի դասավանդվի, այն կմիավորվի «Հայ ժողովրդի պատմություն» առարկային։ Պատկան մարմինները տվյալ որոշումը բացատրում են նրանով, որ չի կարելի բաժանել «Հայ եկեղեցու պատմությունը» «Հայ ժողովրդի պատմություն»-ից։
Հայ հասարակության շրջանում, հատկապես համացանցում այդ նախագիծը բուռն քննարկումների առարկա է դարձել: Այս մասին Armenia Today-ը զրուցել է Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի հետ:
– Վերջին տարիներին Հայաստանում չեն դադարում կրթական ծրագրից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելու մասին խոսակցությունները: Սակայն «Հայ եկեղեցու պատմության» դասավանդումը բազմիցս քննադատության է ենթարկվել նաև մի շարք միջազգային զեկույցներում: Այսպես, ՄԱԿ–ի՝ երեխաների իրավունքների հանձնաժողովի 2014 թվականի զեկույցում նշվել է, որ «Հայ եկեղեցու պատմությունը» հարկավոր է հանել դպրոցական պարտադիր ծրագրից, քանի որ այդ առարկայի դասավանդումը հակասում է Սահմանադրությանը և խախտում է երեխաների՝ հավատքի ազատությունը: Ի՞նչ կարող եք ասել այս առիթով:
– Այո՛, փաստ է, որ մեր հանրության մեջ կան որոշ անդեմ, աննկարագիր, խաչագող անձեր, հայատյաց խմբեր ու կազմակերպություններ, վերջիններիս արհեստական շնչառություն տվող միջազգային օտարհոգի ու կեղծապատիր կազմակերպություններ, որոնք սոսկալի գրգռվում են, մինչև իսկ մտագարվում, երբ կարդում կամ լսում են Հայոց եկեղեցու անունը, տեսնում են հայ հոգևորականի: Բնական է, քանի որ չեն դիմանում այն աստվածային լույսի ներգործությանը, որը զորավոր կերպով ճառագում է Հայոց եկեղեցու էությունից, հավատքից և առաքելությունից: Այստեղ սոսկ Հայոց եկեղեցու հարցը չէ. այդ բոլոր քննադատողներն ու զեկույցներ պատրաստողները նույն գրքի տարբեր էջեր են, նույն հեղինակի սևացրած թերթեր, որոնց գերնպատակն է Հայ էթնոսի և նրա առաքելության ոչնչացումը:
Դարեր շարունակ այդ դիմափոխվող ուժերն անդադար գործեցին և հալածելով ու մոլորեցնելով՝ գաղթական դարձրեցին հայորդյաց, ցեղասպանեցին և հայրենազրկեցին մեզ, աթեիզմով թունավորեցին, այդուհանդերձ չհասան իրենց գերնպատակին, քանզի միջնաբերդը՝ Հայոց եկեղեցին և հայ դպրությունը մնում էին անխորտակ: Այլևս խնդիր կա օրակարգում՝ փլեցնել այդ միջնաբերդը, ուստիև բոլոր արբանյակները լծված են այդ գործին: Եվ, իհարկե, պետք է մեջտեղ բերեն տարատեսակ իրավունքների ու ազատությունների, կոնվենցիաների ու օրենքների վկայություններ, որոնք, ըստ էության, առ ոչինչ են:
Գոյություն ունեն Հայաստան և հայ ազգ, ազգային շահեր, ազգային արժեհամակարգ, գաղափարախոսություն, առաքելություն. ահա՛ այն վճիռ կայացնողները, որոնց որոշումն անբեկանելի է և պարտադիր, անխտիր բոլորի համար՝ ներսում և արտաքին աշխարհում: Եվ այդ որոշման պահպանությունն ու պաշտպանությունը սեպուհ պարտականությունն է Հայոց պետության, այլընտրանք չկա՛: Հայկական պետությունը կերտում է հայ մարդուն, իր քաղաքացուն և այդ սուրբ գործում նրա միակ աջակիցն ու գործակիցը Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին է: Հայ իրականության մեջ գոյություն ունի հանրային իրավունքի իրավաբանական երկու բարձրագույն անձ՝ Ազգային պետություն և Ազգային եկեղեցի: Միմիայն իրենք են, որ իրավասու են համախորհուրդ ի հայս սահմանել ամենայն օրենք, իրավունք և կարգ: Մնացյալները լոկ պարտավոր են ընդունել Հայոց ինքնիշխանությունը և հարգել մեր ազգային դոկտրինը:
– Եթե առարկան այնուամենայնիվ հանվի դպրոցական ծրագրից կամ միացվի «Հայ ժողովրդի պատմություն» առարկային՝ ի՞նչ քայլեր կձեռնարկի Հայ առաքելական եկեղեցին:
– Առարկան պե՛տք է լինի Հայ Դպրոցում՝ իր առանձնահատուկ գիտակարգով, մանկավարժով: Մեր օրակարգում այլ տարբերակ գոյություն չունի: Պետական համապատասխան գերատեսչությունը պարտավոր է նստելու երկխոսության սեղանի շուրջ և քննարկելու իրենց սխալ ընթացքով ստեղծված խնդիրը՝ մեր հավատավոր ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքն արտահայտող Ազգային եկեղեցու հետ: Պետք է փարատել մեր աշխարհասփյուռ հավատացյալների կասկածները և խաղաղեցնել նրանց հոգեկան խռովքը՝ հուզմունքը: Ա՛յդ է պահանջում նաև մեր երկրի Սահմանադրությունը, Եկեղեցու հետ հարաբերությունների մասին առկա օրենքը, ա՛յդ են պարտավորեցնում Հայրենիքի, Ազգի գերագույն շահերն ու Հայոց գալիքը: Ի վերջո, պարզ էթիկայի ու առողջ գիտակցության հրավերն է այդ:
– Ձեր կարծիքով ի՞նչ նպատակներ է հետապնդում այս նախաձեռնությունը, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դրա իրագործումը:
– Նպատակների մասին իրավասու են խոսելու նրանք, ովքեր նման նախաձեռնությամբ են հանդես եկել. արդեն ասացինք, որ առարկայի հանդեպ այսպիսի վերաբերմունքը հակառակ է ազգային, եկեղեցական ու պետական շահերին: Անտարակույս, ժխտական ամեն մի քայլ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի հանդեպ ուղղված՝ ընկալվում է որպես վնասարարություն Հայոց եկեղեցուն. այդ առարկայի ծնողը, հիմնականում սնողն ու խնամողը Հայոց եկեղեցին է: Այդ առարկան իր վերջնարդյունքներով կոչված է կերտելու հայ մարդու լուսավոր, լայնախոհ հոգևոր շինվածքը, առանց որի նա անկատար է: Որպես դարավոր փորձառություն ու իմաստություն ունեցող Ազգային եկեղեցի, այդ իսկ է մեր համոզմունքը, և մեր տեսիլքն է մտքով ու հոգով լուսավորյալ հայը, որի համար էլ աղոթում ենք, գործում և ի հարկին անտեղի տալի պայքարում: Լավ պետք է հիշել նաև, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան նպաստում է հայ հոգևորականության շարունակականության ապահովմանը: Դպրոցից են դուրս գալիս մեր նախագահները, վարչապետները, նախարարները, պատգամավորները, զորականները, մտավորականները, բժիշկները, երաժիշտները, արվեստագետները, բոլոր, բոլոր մասնագետները, Հայաստանի քաղաքացիները: Նույն Հայ Դպրոցը պետք է լույս աշխարհ բերի նաև Հայոց կաթողիկոսներին, եպիսկոպոսներին, վարդապետներին ու քահանաներին: Բոլոր ծառայությունների ու մասնագիտությունների ճանապարհներն սկիզբ են առնում Դպրոցից: Արդ, թող ոչ ոք չփորձի հայորդու առաջ փակել դեպի Եկեղեցի և եկեղեցական ծառայության ասպարեզ տանող ճանապարհը: Աստվածաշունչ մատյանը պատգամում է՝ «Չխաբվեք. Աստված չի ծաղրվում, որովհետև, ինչ որ մարդս սերմանում է, նույնը և կհնձի» (Գաղ. Ե. 7-8): Իմ հորդորն է, որ մնանք հավատարիմ աստվածային իմաստությանն ու մարդկայնությանը և արժանի ակնածանքով ու անխառն սիրով հարաբերվենք Ազգային եկեղեցու հետ: Պետությունը պարտավոր է ապահովելու բոլոր միջոցները, որպեսզի Եկեղեցին Հայկական հետայսու ևս համալրվի բարեպաշտ անդամներով և կրթյալ ու զարգացյալ հոգևոր սպասավորներով:
Գոհար Իսախանյան