Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շարունակում է այցերը մարզում մեկնարկած եւ պետական ծրագրերով իրականացվող շինարարությունների տեղամասեր: Ֆեյսբուքյան գրառմամբ մարզպետը ներկայացրել է շրջայցի մանրամասներ։
«Երեկ աշխատանքային այց էի կատարել Շողակաթ խոշորացված համայնքի Աղբերք բնակավայր, որտեղ այս օրերին ընթանում է ջրատարի արտաքին ցանցի կառուցման շինարարական աշխատանքներ: Ջրատարի արտաքին ցանցը կառուցվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Այն ներառված է Շողակաթ համայնքի Դրախտիկ եւ Ջիլ բնակավայրերի ջրամատակարման համակարգերի կառուցման մեկ ընդհանուր փաթեթում: Ծրագրով երեք բնակավայրերում նախատեսվում է կառուցել խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցեր՝ 5500 գծամետր երկարությամբ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է մոտ 40 միլիոն 983 հազար դրամ: Շինարակական աշխատանքների մեկնարկը տրվել է 2020 թվականի հունիսի 22-ին Աղբերքից: Կառուցվող խմելու ջրատարի արտաքին ցանցն ունի 3200 գծամետր երկարություն եւ շուրջ 8 լիտր վայրկյան հզորություն:
Ջիլում կառուցվող խմելու ջրատարի արտաքին ցանցն ունի 500 մետր երկարություն եւ շուրջ 10 լիտր վայրկյան հզորություն: Դրախտիկում խմելու ջրատարի ներքին ցանցը կառուցվելու է 1800 գծամետր երկարությամբ երեք թաղամասերում: Այն սպասարկելու է շուրջ 60 տնտեսության: Այս ծրագրի իրականացման արդյունքում երեք բնակավայրերում էլ հիմնովին կարգավորվում է ջրամատակարարման խնդիրը, որն առկա է եղել տասնամյակներ:
Այսօրվա դրությամբ Աղբերքում արդեն իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ 80 տոկոսը: Աղբերքում խմելու ջրի մատակարարման համակարգ չկա, մարդիկ ջուրը բերում էին մոտակա բնակավայրերից կամ աղբյուրներից: Նախորդ տարում այստեղ սուբվենցիոն ծրագրով կառուցվեց խմելու ջրատարի ներքին ցանց, իսկ այս ծրագրով հիմնովին լուծում է տրվում խմելու ջրի մատակարարման խնդրին: Առհասարակ, վերջին երկու տարիների ընթացքում Աղբերքում սուբվենցիոն կամ պետական այլ ծրագրերով նկատելի շինարարական աշխատանքներ են իրականացվել ամենատարբեր ոլորտներում: ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակներում Աղբերքի գյուղատնտեսական կոոպերատիվը ստացել է նորագույն գյուղտեխնիկա, ջրարբիացվել են արոտները հարյուրավոր հեկտարների վրա, նախատեսվում է կառուցել հովվի տնակ եւ մակաղատեղի: Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է լուսավորության ցանց, հանդիսությունների սրահ:
Մարզպետարանի աջակցությամբ հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել դպրոցում: Քայլ առ քայլ լուծում ենք տալիս համայնքում կուտակված բազմապիսի հիմնախնդիրներին։
Ուզում եմ արձանագրել, որ Աղբերքում նախորդ տարվա մեր այցի ընթացքում բնակիչները բարձրացրին երեք առանցքային հարց, որոնցից առաջինը վերաբերում էր խմելու ջրի մատակարարմանը, երկրորդը՝ դպրոցի շենքի անբարեկարգ վիճակին եւ երրորդը՝ գյուղ մտնող ճանապարհի հիմնանորոգմանը: Այսօրվա դրությամբ բարձրացված խնդիրներից երկուսը լուծված են, մնում է գյուղ մտնող ճանապարհի խնդիրը: Բնական է, որ այս տարի ճանապարհը չենք հասցնի հիմնանորոգել, քանի որ այս պահին ընթանում է Շողակաթ-Վարդենիս միջպետական ճանապարհի հիմնանորոգման խոշոր ծրագիրը, որտեղ պետության կողմից ներդրվել է 1 միլիարդ 800 միլիոն դրամ: Այդ ճանապարհը կենսական նշանակություն ունի նաեւ Շողակաթ համայնքի բոլոր բնակավայրերի, այդ թվում՝ Աղբերքի բնակիչների համար: Այս տարի Աղբերք մտնող ճանապարհը գրունտային հարթեցման կենթարկվի Շողակաթ համայնքին պետության կողմից տրամադրված տեխնիկաների միջոցով, իսկ եկող տարվա կամ մոտակա ժամանակների ընթացքում կփորձենք միջոցներ գտնել ճանապարհի հիմնանորոգման համար»։