Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը իր հարգանքն է արտահայտել հայ բուժաշխատողներին, որոնք այս պահին պայքարում են կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը Երևանի հիմնական հիվանդանոցների բուժաշխատողներին կբաժանի դեսպանության շեֆ խոհարարի կողմից պատրաստված ֆրանսիական քաղցրավենիք:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի խոսնակ Ծովինար Խաչատրյանն էլ հայտնել է, որ ԲԿ-ի անձնակազմին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ ֆրանսիացի շեֆ-խոհարարի կողմից պատրաստված քաղցրավենիք էր նվիրել:
Դեսպանի անունից անակնկալը բուժանձնակազմին փոխանցեց դեսպանատան համագործակցության հարցերով կցորդ Առնո Շաֆանժը:
Նշվում է, որ Ֆրանսիայի հետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի գործընկերային, բարեկամական կապերն առավել ամրապնդվեցին ֆրանսիացի բժիշկների այցով:
«Նրանց՝ Հայաստանում գտնվելը մեկտեղեց համատեղ ջանքերը նոր կորոնավիրուսի դեմ միասնական պայքարում: Շնորհակալություն, Ֆրանսի՛ա, շնորհավոր տոնդ»,- գրել է Խաչատրյանը։