Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ օգոստոսի 4-ին, մամուլի ասուլիս է ունեցել՝ մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներին վերաբերող թեմաներով։
Ասուլիսին մասնակցել են Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, Կենտրոն վ/շ ղեկավար Ավետ Պողոսյանը, «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն, բ.գ.թ., դոցենտ Քրիստինա Վարդանյանը։
Ասուլիսի ժամանակ խոսվել է Մանուշյանի անվան պուրակի մուտքի մոտ օրերս տեղի ունեցած ծառահատման և գոյություն ունեցող սրճարանի նոր կառուցապատման, Մաշտոցի պուրակում հատվող ծառերի, ինչպես նաև մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներին վերաբերող այլ թեմաների մասին։
«Իմ քաղաքապետ դարձած օրվանից իմ արած բոլոր քայլերն ուղղված են եղել Երևանը անօրինական շինարարություններից ազատելուն և ավելի կանաչ դարձնելուն։ Այդպես եղել է մինչև այս պահը և այդպես էլ շարունակվելու է մինչև վերջ, որովհետև ինքս այդպես եմ մտածում, ինքս գտնում եմ, որ Երևանը շատ ու շատ ավելի կանաչ պետք է լինի, քան, ցավոք սրտի, այսօր է»,-ասել է Հայկ Մարությանը։
Քաղաքապետը հայտնել է, որ հասցրել է չեղարկել է Մաշտոցի պուրակի սեփականության որոշումը, ինչի արդյունքում տարածքը վերադարձվել է համայնքին։
«Մի քանի տարի առաջ հասարակության ճնշման արդյունքում Մաշտոցի պուրակում վարձակալությամբ տրված շուրջ 300 մետր քառակուսի տարածքը, որի վրա կառուցվող կրպակների շինարարությունը դադարեցվել է հասարակության ճնշման արդյունքում, 2018 թվականի մայիսի 16-ին Տարոն Մարգարյանի ստորագրած որոշումով դարձել է 1048 քառակուսի մետր՝ մինչև 2040 թ․ վարձակալության ժամկետով։ Բայց մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ սեփականատերի՝ 277 և 17 քառակուսի մետրի վրա գտնող սեփական գույքը քանդվելու է և կառուցապատման իրավունքով վարձակալության թույլտվություն է տրվելու, ինչը նշանակում է, որ այդ տարածքում կառուցվող գույքը համայնքային սեփականություն է»,- ասել է Հայկ Մարությանը և նշել որ վարձակալության ժամկետի ավարտին քաղաքային իշխանությունները որոշելու են, տարածքի հետագա ճակատագիրը։
«Սա օրենքի շրջանակներում ամենաօպտիմալ որոշումն է», – ասել է Մարությանը։