Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ օգոստոսի 4-ին, մամուլի ասուլիս է ունեցել՝ մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներին վերաբերող թեմաներով։
Ասուլիսին մասնակցել են նաև Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, Կենտրոն վ/շ ղեկավար Ավետ Պողոսյանը, «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն, բ.գ.թ., դոցենտ Քրիստինա Վարդանյանը։
Քրիստինա Վարդանյանը նշել է, որ Երեւանի կանաչապատումը, որպես մշակված նպատակային ծրագիր, սկիզբ է առնում 1920 թվականից: Խորհրդային տարիներին Հայաստանի մայրաքաղաքն այս առումով զգալի հաջողությունների է հասել՝ հաշվի առնելով, որ քաղաքը գտնվում է խորքում և ունի թարմ ու ավելի զով օդի հոսքի կարիք:
«Այսօր Երևանը բախվել է փոշու խնդրին, որի դեմ ծառերը արդեն չեն կարողանում պայքարել։ Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ են որոշակի տեսակի ծառեր եւ այլ բուսականություն, ավելի երկարակյաց՝ համապատասխան կոնկրետ կլիմայական եւ բնապահպանական պայմաններին»,- ասել է Քրիստինա Վարդանյանը:
Ըստ Քրիստինա Վարդանյանի՝ Երևանում տնկված ծառատեսակները և ցեղատեսակները ենթակա են աստիճանական փոփոխության: Ընդ որում, պետք են մեծ, խոշոր ցեղատեսակներ։