Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան լուրը, որը Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում: Երիտասարդ հայուհին բուժքույր էր աշխատում և, ըստ լրատվամիջոցների, մնացել է փլված առաստաղի տակ: Այս մասին հայտնում է «Արևելք» պարբերականը։
Հիվանդանոցը գտնվում է Էշրեֆիեի շրջանում և շատ մոտ է Բեյրութի նավահանգստին, ուր օգոստոսի 4-ին որոտացել է հզոր պայթյուն։
Ջեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, նա Լիբանանի Հիվանդապահների միության անդամ էր:
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ստացվող տեղեկությունները տարբեր են, որոշ աղբյուրներում նշվում է երկրորդ պայթյունի մասին ևս:
Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները:
Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել է պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է:
Առողջապահության նախարար Համադ Հասանը տեղական ԶԼՄ-ներին հայտնել է, որ նավահանգստում հրավառության պարագաներ տեղափոխող նավ է պայթել:
Իսրայելի պաշտոնյաները հայտարարում են, որ պաշտոնական Երուսաղեմը ոչ մի կապ չունի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետ:
Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։