Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա են սկսել Արարատի մարզի Նորամարգ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչները՝ նշելով, որ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն ապօրինությամբ է անցել:
Ուսուցիչներից Փերինե Գալստյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տնօրենի պաշտոնի մրցույթը մի քանի անգամ տապալվել է, սակայն հիմա տեսել են Արարատի մարզպետարանի դիրքորոշումը, որը, ըստ նրա, կարգի խախտում է: «Մենք պահանջում ենք, որ մեր դպրոցի նախկին տնօրեն Ծովինար Գալստյանը և պատկան մարմինները զբաղվեն այս հարցի ապօրինությամբ: Մարզպետարանից դիտմամբ չեն եկել տնօրենի մրցույթին»:
Հուլիսի 17-ին նշանակված առաջին ընտրությունը չէր կայացել՝ ԿԳՄՍ նախարարության 3 ներկայացուցիչների չներկայանալու պատճառով։ Հինգ աշխատանքային օր հետո՝ հուլիսի 23-ին, պետք է 2-րդ անգամ կայանար ընտրությունը, սակայն այս անգամ էլ ընտրությանը ներկա չեն եղել մարզպետարանի 2 և համայնքի 1 ներկայացուցիչը։
«Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տապալում է ընտրությունները, որպեսզի գործող տնօրեն Ծովինար Գալստյանը չընտրվի»,- հիմնավորում են ակցիայի մասնակիցները:
Կառավարության աշխատակազմից հավաքվածներին հայտնել են, որ մանկավարժների բողոք դիմումը կքննարկվի, և դպրոցում տնօրենի ԺՊ չի նշանակվի, քանի դեռ դիմումը չի քննարկվել։
«Կառավարության աշխատողն ապշել էր, որ Արարատի մարզպետարանը կարող է այդպիսի անօրինություններ թույլ տա։ Աշխատակիցը զարմացել է և ասել, որ նշանակումն ընդհանրապես կապ չունի, և որ կարճ ժամկետում մենք կստանանք մեր հարցերի պատասխանը»,- «Արմենիա Թդեյ»-ի հարցին ի պատասխան ասել է Փերի Գալստյանը՝ նշելով, որ եթե հարցին լուծում չտրվի, իրենք շարունակելու են պայքարել։