Պարետատունը կենտրոնացած է տարբեր ոլորտներում ծրագրեր մշակելով, և այժմ ունենք մշակված մոդելներ, որոնցով պետք է բացենք կրթական հաստատություններն ու բուհերը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանը նշեց, որ այս թեմայով այսօր տեղի է ունեցել առաջին քննարկումը, և մինչև օգոստոսի 10-ը կներկայացնեն վերջնական ծրագիրը՝ նշելով, որ նմանատիպ ծրագրեր են մշակվել նաև այլ ոլորտների համար։
«Չնայած որոշում է կայացվել արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարացնելու, էական փոփոխություններ են լինելու արտակարգ դրության ռեժիմում՝ սահմանված որոշակի արգելքների հետ կապված, մասնավորապես՝ օտարերկրյա քաղաքացիների մուտքի հնարավորությունների, ապրանքների արտահանման որոշակի սահմանափակումների, հանրահավանքներ անցկացնելու, հանրային միջոցառումների հարցերը՝ կախված համաճարակային իրավիճակից»,- ասաց պարետը։
Պարետը նշեց, որ սա երևի թե կլինի արտակարգ դրության վերջին երկարացումը, որից հետո ԱԺ-ում կքննարկեն արտակարգ իրավիճակով պայմանավորված օրենքներում փոփոխությունների իրականացման հարցը։
Պարետը նշեց, որ օգոստոսի 12-ին լուծումներ կհայտնեն օտարերկրյա քաղաքացիների մուտքի հնարավորությունների ու մեր քաղաքացիների՝ Հայաստանից մեկնելու, ապրանքների արտահանման որոշակի սահմանափակումների, հանրահավանքներ անցկացնելու, հանրային միջոցառումների հարցերի վերաբերյալ։