Եթե մենք կարողանանք պահպանել այս իրավիճակը, մենք իրական շանս կունենանք, եթե ոչ զրոյացնելու կորոնավիրուսային հիվանդության արձանագրվող նոր դեպքերը, ապա այնքան իջեցնելու, որ այն մեզ համար հանրային առողջապահական խնդիր չլինի: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը արձանագրել է, որ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի թիվը նվազում է, և դա համատեղ ջանքերի արդյունք է.
«Մեր բոլորի ջանքերը արդյունք են տալիս, և ունենք կայունացող և լավացող իրավիճակ: Թվերը ցույց են տալիս, որ մենք շաբաթական կտրվածքով ունենում ենք մոտավորապես 50-100 նվազ դեպք՝ մեկ օրվա հաշվարկով, քան նախորդ շաբաթ»,- նշել է Արսեն Թորոսյանը:
Նա շեշտել է, որ դա, սակայն, չի նշանակում, որ չպետք է խստացնել հակահամաճարակային կանոնները: Նա կոչ է արել շարունակել հետևել հակահաճարակային կանոններին՝ առանց կորոնավիրուսի Հայաստան ունենալու համար:
Արսեն Թորոսյանը նաև թվային տվյալներ է ներկայացրել: Այս պահի դրությամբ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքցիների թիվը տատանվում է 350-ի շուրջ՝ նախկին 650-ի դիմաց: 300 քաղաքացի ծանր վիճակում է, 68-ը ծայրահեղ ծանր, թոքերի օդափոխության սարքերին միացված է 24 քաղաքացի:
«Ծավալված մահճակալների ֆոնդը հետ է ծավալվում, նրանք վերադառնում են իրենց հիմնական աշխատանքին: Այս պահին ունենք 15 գործող բժշկական հաստատություն, որ զբաղվում են կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ՝ նախկին 20-ի փոխարեն»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ նման բժշկական հաստատությունների թիվը առաջիկայում կնվազի, և դրանք կվերադառնան իրենց բնականոն աշխատանքին: