Չորեքշաբթի կառավարության արտահերթ նիստում քննարկվում է կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման հարցը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ անցած մեկ օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 201 դեպք՝ 1710 թեստերի դեպքում, ինչը տեղավորվում է վերջին շաբաթների միտումների մեջ, այսինքն՝ ամեն հաջորդ շաբաթ՝ ամեն օր արձանագրվող դեպքերի քանակը 50-100-ով պակաս է, քան նախորդում:
Ազդեցությունը ձեռք է բերվել վարքագծի սահմանված նորմերի պահպանման շնորհիվ, նվազեցումն ակնհայտ է, թեև խոսել զրոյացման, այսինքն՝ համաճարակի նկատմամբ հաղթանակի մասին, շատ վաղ է և այս փուլում՝ անիմաստ, կարծում է նախարարը:
Նախարարը նկատեց, որ ունենք բավական թեթև վիճակ հիվանդանոցային համակարգում՝ թե՛ սովորական թե՛ ռեանիմացիոն մահճակալների մասով, ունենք իջեցված թվեր՝ ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների մասով, որոնց թիվը մոտ 300 է։
Թորոսյանը տեղեկացրեց, որ ռեանիմացիոն հիվանդները երկար են պառկում հիվանդանոցներում, այդ է պատճառը, որ թվերը ավելի դանդաղ են նվազում։
«Ամփոփելով՝ կարող եմ ասել, որ հաղթահարման փուլը շարունակվում է, և մեր ջանքերը՝ մեր դրած կանոններին հետևելու իմաստով, իր արդյունքները տալիս են, և հույս ունենք, որ նվազման տեմպը կշարունակվի»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ օրական զրոյի հասնելը դժվար է լինելու, բայց 50-100-ի շրջանակում նոր դեպքերը պահելը պետք է, հավանաբար, դառնա ընդունելի: