Կառավարության շենքի դիմաց արտագնա աշխատանքի մեկնողները և Ռուսաստանում բնակվող քաղաքացիները բողոքում են երկրից դուրս գալու սահմանափակումների դեմ։ Հայաստանի և Ռուսաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ իշխանություններից պահանջել են պայմանավորվել Ռուսաստանի հետ սահմանը բացելու մասին, որպեսզի Հայաստանում արգելափակված մարդիկ կարողանան վերամիավորվել ընտանիքների հետ և վերադառնալ աշխատանքի։
Կառավարության շենքի մոտ ցուցարարները սպասեցին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ նրանից պահանջելով հրատապ հարցերին պատասխաններ տալ։
«Յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում կորոնավիրուսի տարածումը կանխելու քաղաքականությունը, և Հայաստանը բացառություն չէ։ Բայց մարդիկ պետք է իմանան մուտքի կանոնները. քաղաքացիները իրավունք ունեն ընտանիքների վերամիավորման, բայց ճգնաժամի պայմաններում, երբ շատ պետությունների սահմանները փակ են, դա շատ դժվար է անել: Առավել ևս, որ Վրաստանը դեռևս փակ է պահում իր սահմանները Հայաստանի համար։ Առանձին դեպքերում, երբ խոսքը գնում է ՌԴ քաղաքացիների և ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի մասին, խնդիրն իր լուծումը գտնում է։ Մենք փակ չենք պահում սահմանը, բայց դա Ռուսաստանի քաղաքականությունն է, որ չեն ընդունում։ Ռուսաստանն այդ քաղաքականությունն իրականացնում է բոլոր երկրների համար»,- ասաց ԱԳ նախարարը։
Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները նաև հանդիպեցին վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին, որը նշեց.
«Պարոն Բադասյանը կառավարության նիստին խոսեց մեղմացումների մասին, ավելին կներկայացվի Ազգային ժողովում։ Ճիշտն ասած, սահմանների հարցին ես չեմ տիրապետում։ Խնդրում եմ, հեռախոսահամար փոխանցեք, ես պարետատնից կճշտեմ, ձեզ կտեղեկացնեմ»։