ԱԺ հատուկ նիստին փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ կառավարությունը փորձում է «հնարավորինս բալանսավորված քաղաքականություն վարել մեղմացումների առումով»:
Փոխվարչապետն ընդգծեց՝ կորոնավիրուսի երկրորդ հնարավոր ալիքի հավանականությունը կա․ հիմնական ռիսկը կապված է լինելու հանրակրթական դպրոցների բացման հետ, որտեղ ենթադրվում է մեծաքանակ մարդկանց տեղաշարժ:
Նշենք, որ հանրակրթական դպրոցներում դասերը վերսկսելու մասին որոշումն արդեն կայացվել է։ Դրանք կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից:
Ինչ վերաբերում է բուհերում դասերը վերսկսելուն, ապա այդ մասով քննարկվում է հիբրիդային մոդել:
«Քննարկվում են և՛ առկա, և՛ հեռավար ուսուցման եղանակներ։ Նախնական քննարկումները դասերը սեպտեմբերի 1-ից սեպտեմբերի 15-ը սկսելու մասին են», – ասաց Ավինյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ նույն մոտեցումը կցուցաբերվի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:
Խոսելով դասերը վերսկսելումասին, որոշման ուշ հայտնելու դեպքում մարզերի ուսանողների համար առաջ եկող վարձակալության խնդրի մասին՝ Ավինյանը նշեց, որ տների առաջարկը բավական շատ է, չի կարծում ՝խնդիրներ կլինեն՝ հաշվի առնելով տուրիստական հոսքերի նվազումը։ Նա նկատեց, որ գների ավելացում չի կանխատեսում, այլ հակառակը՝ գուցե լինեն իջեցումներ։